Մատչելիության հղումներ

Երվանդ Զախարյանը նաիրիտցիներին խոստացավ մեկ ամսվա աշխատավարձ


18-24 ամսվա աշխատավարձի սպասող նաիրիտցիներին նախարարի խոստումը չգոհացրեց։

«Նաիրիտ»-ի աշխատակիցներն առաջիկա օրերին կստանան մեկ ամսվա աշխատավարձ, համենայն դեպս, այդ է խոստացել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող գործարանի աշխատողների 6 հոգանոց պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

«Նաիրիտ» գործարանի աշխատողների ցույցը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ, Երևան, 27-ը հունվարի, 2015թ.

«Նաիրիտ» գործարանի աշխատողների ցույցը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ, Երևան, 27-ը հունվարի, 2015թ.

«Կարծում եմ, նախարարը, ոչ մեծ ցանկությամբ, բայց այնուամենայնիվ հայտարարեց, որ ամսի 2-ին ինքը կգա գործարան և ամսի 6-ին, ազատվելու կապակցությամբ, ամենայն հավանականությամբ մեկ աշխատավարձ կվճարվի», - Զախարյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց «Նաիրիտ»-ի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը։

Աշխատավարձի ամբողջական վճարման համար, Երվանդ Զախարյանը դեռևս նախորդ շաբաթ առաջարկել էր վաճառել գործարանի գրավադրված գույքը։ Հարությունյանը ցուցարարներին ասաց, որ նախարարը վստահեցրել է՝ Կառավարությունն ամեն ինչ անում է որպեսզի բանկից ստանան թույտվություն և գույքը հանվի վաճառքի։

«Ներկայացրել ենք բոլոր խնդիրները, խոսել են բոլոր, 6 հոգի մտել են, 6-ն էլ ասել են՝ ինչ որ մտածում են, նույնիսկ այն, որ իրենք չեն հավատում։ Նախարարը դրան պատասխանեց՝ կհավատաք ինձ, չեք հավատա, դա ձեր պրոբլեմն է, ես գիտեմ ինչ եմ անում և անում եմ», - փոխանցեց Հարությունյանը։

18-24 ամսվա աշխատավարձի սպասող նարիտցիներին, սակայն, նախարարի՝ մեկ ամսվա աշխատավարձի մարման խոստումը չգոհացրեց։

«Իմ ապրելու իմաստը ո՞րն է, ինչո՞ւ նոր տարվա օրով ես դուռ փակեմ, ամոթ անեմ մի հարևան իմ տունը գա։ Մինչև ե՞րբ։ Երկիր չեք կարում պահեք, մի՛ պահեք։ Ես ժողովրդին էլ տանջամահ մի՛ արեք, թողե՛ք՝ գնա», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը։

Իրենց խաբված ու անտեսված համարող աշխատողները որոշեցին փետրվարի 2-ին հավաքվել գործարանի դիմաց և սպասել Երվանդ Զախարյանին։

XS
SM
MD
LG