Մատչելիության հղումներ

Եթե Կոստանյանը դիմի ՌԴ դատախազին, Պերմյակովը դժվար թե փոխանցվի հայկական կողմին․ փաստաբան


Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով այսօր հարազատներից երեքը տուժողի իրավահաջորդ են ճանաչվել։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այդ անձինք Ավետիսյանների մերձավոր ազգականներն են, ովքեր, սակայն, չեն ցանկացել հրապարակել իրենց անունները: Արդեն մի քանի ժամ է Ավետիսյանների հարազատները քննչական կոմիտեում հարցաքննվում են։ Տռուզյանի խոսքով, մինչև այսօր որոշ գործողություններ չէին իրականացվել սգո արարողությունների պատճառով։

Մինչ այդ Գյումրիում շարունակվում է Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով ստորագրահավաքը։ Քաղաքի բնակիչները սպասում են նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նամակին, ով խոստացել էր Պերմյակովին հանձնելու խնդրանքով դիմել ռուս գործընկերոջը։ Թե երբ կոնկրետ, նա չէր նշել՝ ասելով, որ դրա համար հիմքեր են պետք։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի կարծիքով, մինչդեռ, Ռուսաստանի գլխավոր դատախազին դիմելու հիմքեր վաղուց են առկա։

«Փաստ է, որ սպանությունը ռուս զինծառայողի կամ մի խումբ անձանց կողմից կատարվել է Գյումրի քաղաքի տարածքում, այսինքն՝ ռուսական ռազմական բազայի տեղակայման վայրից դուրս ինչը նշանակում է, որ տվյալ գործի քննությունը պետք է կատարվեր հայ իրավապահների կողմից: Դրանից ավել հիմք, իմ պատկերացմամբ, գոյություն չունի», - ասաց Շուշանյանը:

Փաստաբանի կարծիքով, եթե Կոստանյանը դիմի էլ Ռուսաստանի դատախազին, ապա ռուսական կողմը դժվար թե փոխանցի Պերմյակովին հայ իրավապահներին։

«Ես վստահ եմ, որ ռուսական կողմը չի հանձնելու իր քաղաքացի հանդիսացող այդ զինծառայողին հայ իրավապահ մարմիններին, անգամ նամակ գրելուց հետո, որովհետև ռուսները տվյալ դեպքում վկայակոչում են իրենց սահմանադրության 61-րդ հոդվածը, որը նախատեսում է, որ արգելվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հանձնել այլ պետությունների», - ընդգծեց Մուշեղ Շուշանյանը:

Երեկ էլ արդեն երկրորդ բարձրաստիճան հայ պաշտոնյան հայտարարեց, որ ռուս սահմանապահները օրենքի խախտումով են Պերմյակովին տարել ռուսական ռազմաբազա։ Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի խոսքով, ինքը տեղյակ չէ, թե ով է ռուսական կողմից նման հրաման տվել, ավելին, ասաց, որ անձամբ գնացել է ռազմակայան և պահանջել, որ սպանության մեջ կասկածվողին հանձնեն հայ իրավապահներին, մինչդեռ հաջողության չի հասել։

Շուշանյանի կարծիքով, եթե հայկական կողմը որոնողական աշխատանքները ինքնուրույն անցկացներ, ապա նման հարց այժմ չէր առաջանա։

«Ռուս զինվորականները առանց որևէ իրավական հիմքի մասնակից դարձան այդ կասկածյալին հայտնաբերելու որոնողական աշխատանքներին: Վարկած կա և ես գտնում եմ, որ բավականին լուրջ ա այդ վարկածը, որ համաձայնություն է ձեռք բերվել, որ Պերմյակովին պետք է ձերբակալեն ռուսները և գործի քննությունը այդ հիմքով կատարեն ռուսները», - ասաց փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG