Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Ցեղասպանության ժխտումն այդ ոճրագործության փուլերից մեկն է


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, հիրավի, մարդկության պատմության ամենադաժան և ողբերգական էջերից մեկն է, Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ իր ուղերձում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ հունվարի 27-ը, որը խորհրդանշում է Օսվենցիմի (Աուշվից) համակենտրոնացման ճամբարի ազատագրումը, Հոլոքոստի չարիքին վերջ դնելու կարևորագույն հանգրվաններից եղավ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հոլոքոստի զոհերի ոգեկոչումը և այդ եղեռնագործության դատապարտումը արդիական է այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում շարունակում են գլուխ բարձրացնել ազգային, ռասայական, կրոնական հողի վրա հիմնված ատելության և անհանդուրժողականության ամենատարբեր դրսևորումները, քանի դեռ չի վերացել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կրկնության սպառնալիքը»։

Ուղերձում նշված է, որ ցեղասպանությունների զոհերին մոռացության մատնելը և ժխտողականությունը՝ հատկապես պետական մակարդակով, այդ ոճրագործության փուլերից մեկն է. - «Այն կրկնակի հանցանք է ոչ միայն անմեղ զոհերի, այլև ներկայի ու ապագայի հանդեպ: Թերևս հնարավոր լիներ կանխել Երկրորդ համաշխարհային պատերազմի քողի ներքո իրականացված ոճրագործությունները, եթե Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մարդկության դեմ իրականացված հանցագործությունները միջազգային լիարժեք դատապարտման արժանանային, իսկ դրանց պատասխանատուները կրեին արժանի պատիժ»:

«Վերստին խոնարհվելով Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակի առջև՝ ցանկանում եմ զորակցություն և համերաշխություն հայտնել հրեա ժողովրդին, Հայաստանի հրեական համայնքին: Հայ ժողովուրդը, որն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, առավել քան հաղորդակից է հրեա ժողովրդի ցավին: Վերահաստատում եմ մեր հանձնառությունը համատեղ պայքարելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ՝ «այլևս երբեք» ասելու վճռականությամբ», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG