Մատչելիության հղումներ

Աբրահամյանը և Զարիֆը քննարկել են հայ - իրանական ծրագրերը


Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Հայաստանի կառավարության լրատվականի

Հայ - իրանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ է քննարկվել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ անդրադարձ է եղել, մասնավորապես, տարբեր ոլորտներում ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագրերին, որոնք կնպաստեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Այս համատեքստում կողմերն առանձնակի կարևորել են միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, գոհունակություն հայտնել հանձնաժողովի վերջին՝ 2014 թվականի դեկտեմբերին Իրանում կայացած նիստի աշխատանքներից և շեշտել, որ դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Իրանի արտգործնախարարը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, նշել է, որ այն ևս կնպաստի հայ - իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակից և ընդգծել, որ պետք է ջանքեր գործադրել առևտրատնտեսական համագործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրավիճակին և զարգացումներին, կարևորվել է հակամարտությունների խաղաղ կարգավորումը և տարածաշրջանի կայունությունը:

Զարիֆը նաև Աբրահամյանին է փոխանցել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները:

Երկօրյա այցով Երևան ժամանած Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին այսօր ավելի վաղ ընդունել է նրա հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանը, արդեն կայացել է երկու նախարարների համատեղ ասուլիսը:

Հայաստանի և Իրանի արտգործնախարարների ասուլիսի մասին՝ քիչ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG