Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահները Կրակովում կհանդիպեն Ադրբեջանի ԱԳ նախարարին


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցած շաբաթավերջին։

Այսօր Լեհաստանի Կրակով քաղաքում նախատեսված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել մի քանի օր առաջ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի և Մամեդյարովի հանդիպման ընթացքում։

Մինչ հանդիպումը, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գործընկերների անունից խոստացել է շարունակել բարձր մակարդակով աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ ղարաբաղյան համակարտության կարգավորման ուղղությամբ։ Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ զրույցում ամերիկացի դիվանագետը նաև նշել է, որ աշխատում են այս տարի Ադրբեջանի և Հայաստանի նախագահների նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։

«Առաջընթաց է անհրաժեշտ սահմանային կտրուկ լարվածության ֆոնին», - Թվիթերում գրել էր ամերիկացի համանախագահը և տեղեկացրել, որ ուղևորվում է Կրակով։

Կրակովյան հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցության մասին չի խոսվում։

«Ողջ պատասխանատվությունը Հայաստանի վրա է, Հայաստանն է նպատակաուղղված կերպով սրում իրավիճակը», - հանդիպման նախօրեին հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող միջնորդների հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարարի հետ տեղի է ունենում Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման օրը, երբ նախատեսված են համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններ:

Ինչպես այսօր «Ազատությանը» հայտնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, այդ արարողություններին Հայաստանը ներկայացնելու է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Կրակովից 60 կիլոմետր հեռու Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում Երկրորդ աշխարհամարտի տարիներին ավելի քան մեկ միլիոն մարդ է մահացել՝ հիմնականում հրեաներ։

XS
SM
MD
LG