Մատչելիության հղումներ

Փոստանջյան. Հայաստանի իշխանություններն այստեղ այլևս չեն կարողանում իրականացնել իրենց գործառույթները


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

Ըստ պատգամավորի, խորհրդարանը պետք է պարտադիր ընթացք տա Գյումրիի սպանդին առնչվող իր ներկայացրած հայտարարության նախագծին։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով, Ազգային ժողովը պետք է պարտադիր ընթացք տա Գյումրիի սպանդին առնչվող իր ներկայացրած հայտարարության նախագծին։

Նշենք, որ Փոստանջյանի՝ Ազգային ժողով ներկայացրած հայտարարության նախագծի հիմնական պահանջն է մեղադրյալ Վալերի Պերմյակովին փոխանցել Հայաստանի Հանրապետության իշխանություններին:

Պատգամավորի խոսքով՝ Ազգային ժողովն այս պահին որպես քաղաքական մարմին կարող է ընդունել և քաղաքական նաև պահանջ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության համապատասխան իշխանություններին։

«Այս պահին հարաբերությունները ոչ միայն իրավական են, այլ նաև քաղաքական են, որովհետև խախտվել է Հայաստանի Հարապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1992 թվականի պայմանագրի համապատասխան դրույթները, համաձայն որի խախտող կողմը՝ Ռուսաստանի Դաշնությունը, պետք է այդ խախտումը վերացնի, մեր խնդիրը դա է, և այս խնդիրը կարող է նաև լուծվել քաղաքական մարմնի միջոցով, և այս խնդրի լուծողը հենց քաղաքական մարմնի ներկայացուցիչներն են՝ Ազգային ժողովի պատգամավորները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, մեկ այլ գործով ևս կարող է խախտվել Հայաստանի իրավազորությունը, այսինքն, ըստ Փոստանջյանի, Հայաստանի իշխանություններն այստեղ այլևս չեն կարողանում իրականացնել իրենց գործառույթները։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Հայաստան ժամանեց Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և Ալեքսանդր Բաստրիկինը Ավետիսյանների ընտանիքի գործով քննության ընթացքում երկու երկրների փոխգործակցությունը համակարգող շտաբ ստեղծելու մասին Գյումրիում հուշագիր ստորագրեցին։

Հարցին, թե դա բավարա՞ր է, Փոստանջյանը պատասխանեց. - «Նախ հայտարարվեց, որ համատեղ շտաբը նախաքննական մարմնի գործողություններ և լիազորություններ չունի, դա ուղղակի համատեղ շտաբ է։ Յուրաքանչյուրը իր քրեական դատավարության և Քրեական օրենսգրքով անցկացնելու է իր նախաքննությունը, այսպես է հայտարարվել, և, պատկերացրեք, Ռուսաստանի Դաշնությունը իրավասու չէ քննել Հայաստանի Հանարապետության պետական սահմանն ապօրինի հատած անձի կողմից այդ քրեական գործը և նաև սպանությունները։ Սա մեր պարտականությունն է, և այստեղ Հայաստանի Հանրապետությանը, խախտելով այդ պայմանագիրը, զրկել են այդ պարտականությունից»։

Հունվարի 15-ին Գյումրիում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը զայրացած գյումրեցիներին հրապարակավ խոստացավ դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազին, որպեսզի Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ կասկածվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին փոխանցեն Հայաստանի իրավապահ մարմիններին, իսկ հունվարի 22-ին արդեն Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում Կոստանյանն ասաց, որ Պերմյակովի հանձնման հարցով դեռ չի դիմել Ռուսաստանին, որովհետև նախապատրաստական փուլը երկար է։

Հարցին, թե իսկապե՞ս այդքան երկար ժամանակ է պետք այդ նամակը, խնդրագիրը կամ պահանջագիրը ձևակերպելու և հիմնավորելու համար, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որովհետև ակնհայտ փաստեր են, որոնք բացարձակ կարիք չունեն հիմնավորման, որովհետև կա պայմանագիր 1992 թվականի, որտեղ հստակ գրված է, թե ինչ գործառույթներ է իրավասու իրականացնել ռուս սահմանապահը, որը կանգնած է այս պահին Հայաստանի և Թուրքիայի սահմանին։ Նրա պարտականությունների և լիազորությունների մեջ չկա նման դրույթ, որ նա իրավասու է անձին, ում որ կվերցնի արգելանքի տակ ու կձերբակալի, կապ չունի՝ դա որ պետության քաղաքացի է, նա իրավունք չունի հանձնելու տվյալ անձին ռազմաբազայի ներկայացուցիչին կամ Ռուսաստանի դեսպանությանը կամ մեկ այլ պաշտոնյայի»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG