Մատչելիության հղումներ

logo-print

Հունաստանում արմատական ձախերի հաղթանակը կարող է ձախերին խրախուսել ամբողջ Եվրոպայում


«Սիրիզա» կուսակցության ղեկավար Ալեքսիս Ցիպրաս

«Սիրիզա» կուսակցության ղեկավար Ալեքսիս Ցիպրաս

Հունաստանում, ինչպես և սպասվում էր, համապետական ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչվեց արմատական ձախ «Սիրիզա» կուսակցությունը, ինչը հավանաբար մեծ խնդիրներ առաջ բերի Եվրոպական միության հետ երկրի հարաբերություններում։

Երբ Հունաստանի իշխանությունները 2Օ12 թվականին որոշեցին իրականացնել ֆինանսական բարեփոխումներ, ինչը պակասուրդը կրճատելու նպատակով նախատեսում էր պետական խոշոր կրճատումներ, ինչպես նաև հարկերի բարձրացում, այս երկրում սկսվեց անհանգստության մեծ ալիք։ Փողոցներ դուրս եկան միլիոնավոր մարդիկ՝ բողոքելով բարեփոխումների արդյունքում առաջ եկած գործազրկության դեմ։ «Սիրիզա» կուսակցությունն այդ օրերից ի վեր պայքարում է ֆինանսական այս խիստ միջոցառումների դեմ, ինչի արդյունքում էլ արժանացավ ընտրողների հոծ զանգվածների աջակցությանը։

Կուսակցության ղեկավար Ալեքսիս Ցիպրասը նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարեց, թե «հույները պատմություն են գրում, Հունաստանի համար այլևս անցյալ է դառնում Տրոյկան»՝ նկատի ունենալով Եվրամիությունը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրոպական կենտրոնական բանկը։

Նա խոստանում է բանակցել «փոխշահավետ և արդար ֆինանսական լուծում» գտնելու նպատակով։

Ընդունելով ընտրություններում իր կուսակցության պարտությունը՝ վարչապետ Անտոնիս Սամարասը զանգահարել է Ցիպրասին ու նրան շնորհավորել հաղթանակի համար։

Ինչպես վերլուծաբաններից շատերն են ասում, «Սիրիզա»-ի հաղթանակը կարող է ցնցում առաջ բերել ամբողջ Եվրոպայի տարածքում, որտեղ երկրներից շատերում Հունաստանի պես առկա է սոցիալական դժվարին կացություն։

Եվրոպական երկրների ղեկավարները, անհանգստացած Հունաստանի քաղաքական ներկա փոփոխությունից, կոչ են անում երկրի ընտրված իշխանություններին հանդես չգալ այնպիսի խոստումներով, որոնց իրականացումը կարող է անհնար լինել։ Նման կոչով է հանդես եկել Գերմանիայի Կենտրոնական բանկի նախագահ Յենս Վայդմանը։ Բելգիայի ֆինանսների նախարար Յոհան Վան Օվերթվելդի խոսքով էլ՝ Հունաստանը պետք է հարգի «դրամական միության կանոնները»։ Եվրոյի գոտուց դուրս գտնվող Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնի կարծիքով էլ՝ Հունաստանում ընտրությունների արդյունքը «կավելացնի Եվրոպայում տնտեսական անորոշությունը»։

Ի դեպ, Հունաստանի ընտրությունների արդյունքում եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ իջել է անցած 11 տարիների ընթացքում ամենացածր մակարդակին։

Եվ այսպես, ասում են տնտեսական վերլուծաբանները, Ալեքսիս Ցիպրասն այժմ փորձելու է ղեկավարել ֆինանսական բարեփոխումների դեմ մի հեղափոխություն՝ ունենալով ամուր ժողովրդավարական մանդատ։

Իսկ քաղաքական վերլուծաբանները Հունաստանում արմատական ձախերի հաղթանակից հետո կանխատեսում են արմատական ձախերի դիրքերի ամրապնդում ամբողջ Եվրոպայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG