Մատչելիության հղումներ

Ադրբեջանական պաշտոնական տեղեկատվությունը՝ վերջին օրերի դեպքերի մասին


Բաքուն պաշտոնապես հաստատում է, որ երեք զոհ է ունեցել
please wait

No media source currently available

0:00 0:02:54 0:00

Ճիշտ նույն ձևով, նույն տոնայնությամբ ադրբեջանական կողմը հաղորդում է հայկական կողմի դիվերսիոն ներթափանցման բազմաթիվ փորձերի մասին:

«Ճակատային ամբողջ գծով ու հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դիրքերի վրա հանկարծակի հարձակվելու թշնամու հետախուզա-դիվերսիոն խմբերի փորձերը հաջողությամբ կանխվել են»,- հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ հարձակումները հետ մղելու ժամանակ մղելու ժամանակ ադրբեջանցի երեք զինծառայող է զոհվել, կան վիրավորներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանագրով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են մեդալներով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հաղորդելով այս մասին, վստահեցրել է, թե ճշմարտությունը չի թաքցնում ժողովրդից, ինչը պնդում են հայկական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական հաղորդագրությունների՝ հայկական կողմի կորուստները շատ ավելին են:

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ջոշկունը Թվիթերի իր էջում ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և Ադրբեջանի ժողովրդին:

Այսօր էլ ադրբեջանական կողմը հաղորդում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության գծի ամբողջ երկայնքով հայկական կողմը 124 անգամ խախտել է հրադադարը՝ ադրբեջանական դիրքերը հրետակոծելով գնդացիրներով, ականանետներով և նռնականետներով։

Այս տարվա բախումների մասին յուրաքանչյուր կողմը հաղորդում է հակառակորդի մեծ կորուստների մասին։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ հունվարին հայկական կողմից 17 զինծառայող է զոհվել, շուրջ 20-ը վիրավորվել են: Հայկական կողմը պնդում է հակառակը։ Այսօր պաշտպանության նախարարության խոսնակը իր Ֆեյսբուքի էջում գրել է, որ վերջին օրերին՝ հունվարի 23-26-ը ադրբեջանցի 15 զինծառայող է զոհվել, ընդ որում՝ նա կոնկրետ զորամասեր և մարտական գործողությունների ուղղություններ է նշում։

ԵԱՀԿ-ն անհանգստացած է շփման գծի լարվածությունից։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կողմերին կոչ է արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել, հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու հանձնառությանը։ Այս մասին «Թրենդ»-ին ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մամուլի խոսնակ Ռիչարդ Սոլաշը:

Մինսկի խմբում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի արտգործնախարարի և միջնորդների հանդիպման մասին։ Այդ հանդիպումը տեղի կունենա վաղը՝ Լեհաստանի Կրակով քաղաքում։ Այս հանդիպման նախաշեմին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին կոչ է արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել շփման գծում հակամարտությունից խուսափելու և բանակցությունները շարունակելու համար։

Բայց մինչ վաղվա բանակցությունները Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակը Թվիթերի իր էջում, ըստ էության, պատասխանել էր ամերիկացի համանախագահին.- «Մենք նույնպես դիմում ենք Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ կոչ անելով ստիպելու, որ Հայաստանի ղեկավարությունը դադարեցնի դիվերսիոն գործողությունները և դուրս բերի զորքերը ադրբեջանական օկուպացված տարածքներից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG