Մատչելիության հղումներ

Ռուսիո պատրիարքը մերժել է Շիրակի թեմի առաջնորդի խնդրանքը


Աջապահյանի դիմումին Ռուսաց պատրիարքարանից պատասխանել են․ - «Իրավական գործընթացներին միջամտելու անհրաժեշտություն և կարիք չկա»:

Համայն Ռուսիո պարտիարք Կիրիլը մերժել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խնդրանքը՝ միջամտել Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու հարցում:

Աջապահյանի դիմումին Ռուսաց պատրիարքարանից պատասխանել են․ - «Իրավական գործընթացներին միջամտելու անհրաժեշտություն և կարիք չկա»:

«Ընդամենը եղել է այն, որ ես դիմել եմ տեղի ռուս հոգևորականին՝ հայր Անդրեյին, ով նաև ռազմաբազայի հոգևորականն է, և դիմել եմ ամենածանր պահին, երբ որ ընթանում էին հյուպատոսարանի մոտ բախումներ: Այդ պահին զանգահարել եմ իրեն և բավական զգացմունքային ալիքի վրա իրենից պահանջել եմ, որ դիմի պատրիարքին և պատրիարքի միջամտությունը փորձի ունենալ: Այս է եղել: Այլապես ես ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր ուղղակի Ռուսաց պատրիարքին չեմ դիմել: Եվ հայր Անդրեյը հենց այդ պահին խոստացավ, որ անմիջապես կկապվի պատրիարքարանի հետ: Եվ կարծում եմ, որ անմիջապես էլ կապվեց։ Հետո ես պատասխան ունեցա հայր Անդրեյից, որ պատրիարքարանը ցանկություն է հայտնել չմիջամտել, որովհետև իրավական գործընթացներին միջամտելու անհրաժեշտություն կամ կարիք չի տեսել»:

Սրբազանն ասաց, որ ինքը ևս պահանջատեր է, որ Պերմյակովին հանձնեն հայ իրավապահներին: Պահանջը, նրա կարծիքով, անիրագործելի չէ, և եթե չբավարարվի, չի բացառվում, որ մարդիկ կրկին փողոց դուրս գան․ - «Ժողովուրդը դարձյալ կարող է փողոց դուրս գալ, եթե դարձյալ լինի որևիցե մի անզգույշ արտահայտություն և եթե լինի որևիցե ոչ ճիշտ մոտեցում և չկատարվի ժողովրդի մինիմալ պահանջը: Ժողովուրդը մեծ պահանջ չի դնում․․․ Մեծ, անիրական պահանջ կլիներ թերևս, եթե ասեին, որ հինգ օրում ռազմաբազան տարեք այստեղից․․․ Բայց ժողովուրդը անիրական պահանջ չի դնում․ ասում է՝ հանցագործին հանձնեք հայ իրավապահներին: Այդտեղ ոչ մի անհնարին բան չկա: Եթե ինչ-որ մի պրոցեդուրայի հարց է, ինչ-որ մի գործընթացի հարց է, մի թուղթ ավելի ստորագրելու-չստորագրելու հարց է՝ լավ: Ժողովուրդը դրան կսպասի: Բայց Աստված մի արասցե, որ ժողովուրդը տեսնի, որ ինքը մերժված է: Դա անկանխատեսելի հետևանքների կբերի և դրա պատասխանատվությունը կընկնի պատասխանատուների վրա: Մեզ վրա չի ընկնելու․․․ Թող դրանից հետո չասեն, որ Սրբազանը այսինչ խոսքը ասեց, այնինչ խոսքը ասեց: Ես հավիտենապես շանթարգել չեմ կարող աշխատել այստեղ: Ուրիշները ապուրը եփեն, ժողովրդին բորբոքեն, ես էլ հանգստացնո՞ղ աշխատեմ»:

Ժողովրդի փողոց դուրս գալն ու պահանջատել լինելը Աջապահյանը շատ բնական է համարում․ անբնական կլիներ, եթե դուրս չգային․ - «Այ դա կլիներ անբնական: Ուղղակի ժամանակային առումով մի քիչ շտապեցին: Եվ շտապեցին, որովհետև անզգույշ հայտարարությունը Գլխավոր դատախազության գործընթացը արագացրեց: Բայց այսպիսի եղեռնագործությունից հետո և այսպիսի արձագանքից հետո ռուսական իշխանությունների կողմից և հայկական իշխանությունների լռությունից հետո բնական էր, որ ժողովուրդը պիտի փողոց դուրս գար»:

Սրբազանը հավելեց, որ Գյումրիում այժմ հակառուսական տրամադրություններ չկան․ - «Ժողովրդի ճնշող մեծամասնությունը հասկանում է, որ դա ռուս ժողովրդի կողմից գործված հանցանք չէ, անգամ ռուսական պետության կողմից գործված հանցանք չէ: Դա մասնավոր անձի կողմից գործված եղեռնագործություն է, և դա տարածել ամբողջ ժողովրդի վրա, անմտություն է: Այդ անմտությունը մեր ժողովուրդը երբեք չի գործի: Պարզապես որոշակի՝ բավական երևի ժամանակահատված գյումրեցին պիտի արդեն վախենա: Այդ վախենալը շատ վերապահությամբ եմ գործածում, որովհետև վախեցողը չի գյումրեցին: Բայց պիտի վախենա իր զավակի համար, իր հարազատի համար, ոչ թե իր սեփական անձի համար, երբ որ ռուսաստանցի զինվոր տեսնի: Ռուսաստանցի զինվոր տեսնելը, եթե մինչ այս, ասենք, մեզ մոտ ապահովության զգացում էր, ուրախության զգացում էր, հիմա հակառակ զգացումը որոշակի ժամանակ պետք է լինի: Բայց դա էլ կարելի է հաղթահարել և պետք է հաղթահարել, մանավանդ՝ եթե ռուսական կողմը ճիշտ քայլեր կատարի, ճիշտ մոտեցումներ ունենա: Մեր ժողովուրդն այդքան իմաստուն է, որ այս հանցագործությունը, եղեռնագործությունը չտարածի ողջ ռուս ժողովրդի վրա»:

XS
SM
MD
LG