Մատչելիության հղումներ

logo-print

14 տարի առաջ հունվարի 25-ին Հայաստանը, դառնալով Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, պարտավորվեց ապահովել ժողովրդավարության առաջընթացն ու միջազգային իրավարար փաստաթղթերով ամրագրված իրավունքները:

Հայաստանը ստորագրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և կից արձանագրությունները։ Պարտավորվեց հարգել մարդու կյանքի իրավունքը, արգելել խոշտանգումները, ստրկությունն ու հարկադիր աշխատանքը, երաշխավորել ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության իրավունքը, մտքի, խղճի և կրոնի, արտահայտվելու, հավաքների և միավորման ազատությունը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից բխող մի շարք այլ իրավունքներ:

Պաշտոնական գնահատականը՝ «միայն և բացառապես դրական»

Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրապետականի ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե, արդյոք կարելի՞ է այսօր ասել, որ անցած 14 տարիներին Հայաստանի իշխանությունը փորձել է որոշակիորեն ապահովել ժողովրդավարություն և Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարման խոստումը, ասաց.- «Բացարձակ որևէ բան չկա, և չի կարելի ասել, որ մենք ամեն ինչ արել ենք: Մեր համագործակցությունը, իհարկե, տվել է շոշափելի արդյունքը: Պետք է այս համագործակցությունը գնահատենք միայն և բացառապես դրական»:

«Մարդու իրավունքների խախտումները շարունակեցին կրել զանգվածային բնույթ»

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, մինչդեռ, նկատեց, որ անցած տարիներին Հայաստանի կառավարությունը որոշակիորեն փոխել է միայն օրենքները, սակայն օրենսդրական փոփոխություններով հանդերձ, իրական կյանքում չի ապահովել ժողովրդավարության հաստատմանն անհրաժեշտ քայլերը:

Անցած տարիներին Եվրոպական դատարան ներկայացրած դիմումների շարժառիթներն ամփոփելով՝ Շուշանյանը գնահատեց Հայաստանի կառավարության հետևողականությունը։

«Հայաստանի Հանրապետության կողմից մարդու իրավունքների խախտումները շարունակեցին կրել, այսպես ասած, զանգվածային բնույթ: Եվ որևէ ազդեցություն իշխանությունների կողմից մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման պաշտպանության իմաստով չունեցավ»,- ասաց փաստաբանը։

Մուշեղ Շուշանյանը ԵԽ-ի առջև ստանձնած Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ իր գնահատականը ներկայացրեց՝ համեմատելով 2003 թվականին նախագահի ընտրություններից հետո Եվրոպական դատարան դիմած քաղաքացիների վկայակոչած իրավախախտումների բնույթն ու այդ գործերի քննությանը զուգահեռ 2008-ի ընտրությունների ժամանակ Կառավարության գործելաոճը Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ապահովման համատեքստում:

«2003 թվականի համապետական ընտրություններին հաջորդած բողոքի ալիքի ճնշման ընթացքում մեկ քրեական գործ էր հարուցվել՝ ոստիկանին պլաստիկե շշով հարվածելու համար, մնացածը վարչական կալանքներ էին: Եվրոպական դատարանը դիրքորոշում արտահայտեց և վարչական կալանքը վերացվեց: Բայց արդեն 2008 թվականի համապետական ընտրությունից հետո, երբ էլի բողոքի ալիքը ճնշվեց, արդեն մարդկանց մեղադրանքներ էին առաջադրում քրեական հոդվածներով»,- ասաց Շուշանյանը։

Գայանե Աշուղյանի գործը

Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ դառնալուց ընդամենը 2 տարի անց Հայաստանում տեղի ունեցան նախագահի ընտրություններ՝ երկու փուլով: Քաղաքացիները պնդում էին, որ այդ ընտրությունները կեղծված են, բողոքի զանգվածային ակցիաներ իրականացրին: Ոստիկանությունն ամեն կերպ փորձում էր կասեցնել քաղաքացիների բողոքի ցույցերը: Այդ փորձերի հետևանքներից էին, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի խախտումների վերաբերյալ պնդումներով քաղաքացիների դիմումները։ Կառավարությունը ստիպված եղավ ԵԴ դիմած 42-ամյա Գայանե Աշուղյանին 3000 եվրոյի չափով փոխհատուցում վճարել։

Գայանե Աշուղյանը եվրոպական դատարանին ներկայացրած դիմումի մեջ նշել էր, որ 2003 թվականի ապրիլի 7-ին մասնակցել է ՀՀ նախագահի ընտրությունների կեղծիքների պնդումներով պայքարի դուրս եկած քաղաքացիների հանրահավաքին, ավելի ուշ՝ տուն գնալու ճանապարհին, քաղաքացիական հագուստով ոստիկանները թևերը ոլորել են, ավտոմեքենայով տարել ոստիկանական բաժին, վարչական կալանքի որոշում կայացրել՝ նրան զրկելով կալանքի որոշումը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից:

Ըստ Եվրոպական դատարանի 2008 թվականին հրապարակած որոշման, Աշուղյանի դեպքում Կառավարությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներում ամրագրված իրավունքները` կարծիք արտահայտելու ազատության, արդարացի դատաքննության, ժողովների և միավորումների ազատության, ինչպես նաև դատարանի որոշումը բողոքարկելու իրավունքները:

ԵԴ որոշումները ձգձգվեցին 2008-ից հետո

Իսկ 2008 թվականի ընտրություններից հետո կրկին կեղծիքներին ընդդիմացող քաղաքացիները տասնյակ դիմումներ ուղարկեցին Եվրոպական դատարան՝ քաղաքական պատճառներով հետապնդումների արտահայտությունը վկայակոչելով ոչ թե վարչական կալանքի, այլ մի քանի տարվա ազատազրկման դատավճիռների հիմքում դրված դատախազական պնդումները: 2008 թվականից հետո Եվրոպական դատարան ներկայացրած դիմումների մեջ փաստաբանները կրկին վկայակոչեցին հանրահավաքների, ազատ արտահայտման, արդար դատաքննության իրավունքները երաշխավորող Կոնվենցիայի համապատասխան կետերի խախտումները, բացի այդ՝ ոստիկանության բաժիններում և կալանավայրերում խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դեպքերը:

Հիմա Եվրոպական դատարանում տասնյակ գործեր, ըստ փաստաբանների, ավարտվել են և տևական ժամանակ է` ինչ դիմումատուները սպասում են դատարանի որոշումներին:

Փաստաբանները պնդում են, որ Հայաստանի կառավարությունը, նկատի ունենալով նախադեպային որոշումները, անցյալ մի քանի տարիներին ամեն քայլի դիմել է՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ գործերով որոշումների հրապարակումը ձգձգելու, գործերի ընթացքը երկարացնելու, կասեցնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG