Մատչելիության հղումներ

Հունան Պողոսյանն առաջին իսկ օրն է պահանջել հանձնել Պերմյակովին


Ըստ Պողոսյանի, ռուսական կողմից էլ պնդել են, որ Պերմյակովին հանձնելն իրենց իրավասության շրջանակներում չէ։

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանությունից հետո համակարգում էր իրավապահների գործողություններն, այսօր հայտարարեց, թե կասկածյալ Պերմյակովի ձերբակալությունից հետո ինքը ռուսական զորամասից պահանջել է նրան հանձնել հայկական կողմին, բայց հաջողության չի հասել։ Փոխոստիկանապետն ասաց, որ անձամբ է գնացել 102-րդ ռազմակայան և տեղեկացրել, որ, ըստ օրենքի, Պերմյակովը պետք է փոխանցվեր հայկական կողմին։

«Պահանջել ենք, բայց դա իմ պանջով բավարարվող հարց չէր, բոլորդ էլ գիտեք, որ իրավական հարթության մեջ, քրեադատավարական ընթացակարգերով լուծվող հարցեր են՝ երկու երկրների միջև գոյություն ունեցող պայմանագրերի, համաձայնագրերի շրջանում», - ասաց Պողոսյանը։

«Ազատության» հարցին, թե ո՞վ է մերժել պահանջը, Պողոսյանը պատասխանեց, որ պահանջը չեն մերժել։

Նա պատմեց, որ ռուսական կողմին տեղում ներկայացրել է իրավիճակը, ասել՝ թե ինչ հնչեղություն ունի գործը, մինչդեռ, փոխոստիկանապետի խոսքով, ռուսական կողմից էլ իրենց կարծիքն են պնդել՝ թե Պերմյակովին հանձնելն իրենց իրավասության շրջանակներում չէ։

Հարցին, թե զորամաս տանելն իրենց իրավասության շրջանակներո՞ւմ էր, հանձնելը՝ ո՞ չ, Պողոսյանը պատասխանեց. - «Իհարկե իրենց իրավասության շրջանակներում չէ, դա Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան կառույցների, գերատեսչությունների ղեկավարների և միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի շրջանակում է, և դրա արդյունքում է, որ աննախադեպ բան է՝ նրանց Քննչական կոմիտեի նախագահը եկավ Հայաստան»։

Հունան Պողոսյանը աննախադեպ որակելով երկու երկրների համապատասխան կառույցների համագործակցությունը, թվեց այն բարձրաստիճան ռուս պաշտոնյաների անունները, որոնք այդ օրերին այցելել էին Գյումրի։ Նա նաև աննախադեպ որակեց քննչական աշխատանքները համակարգող խմբի ստեղծումը, իսկ «Ազատության» հարցին, թե ստույգ ո՞վ է ռուսական կողմից հրամայել Պերմյակովին տանել զորամաս և այդպիսով խախտել Հայաստանի օրենքը, փոխոստիկանապետը դժվարացավ պատասխանել։

«Դա պետք է հարցնել Ռուսաստանի համապատասխան կառույցներին։ Դե, եթե իրենք ձերբակալել են և իրենք տեղափոխել են զորամաս, բնականաբար, իրենց գերատեսչությունների մեջ է պայմանավորվածությունը, մեզ տեղյակ են պահել, երբ որ զորամասում է եղել», - ասաց Պողոսյանը։

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների հուղարկավորությունից հետո Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսության դիմաց տեղի ունեցած բախումների մասնակիցներն արդեն մի քանի օր է Ոստիկանություն են կանչվում։ Փոխոստիկանապետը ասաց, որ քրեական գործեր են հարուցվել խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչին դիմադրելու հատկանիշներով, որոնց շրջանակներում արդեն 120 քաղաքացի է հարցաքննվել։

«Բերման են ենթարկվել, եթե չեմ սխալվում, 48 անձ, նրանցից շուրջ 27-ը՝ այս պահի դրությամբ, որովհետև թվերը փոխվում են, նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, դեպքերին ու իրադարձություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով», - ասաց փոխոստիկանապետը։

Ոստիկանություն կանչվելու հետ կապված «Ազատություն»-ը ահազանգեր էր ստացել, որ նաև անչափահասներ են տարվել ոստիկանություն, որոշ քաղաքացիների էլ բաժին են տարել առանց ծանուցագրի, եղել են նաև ծեծի դեպքեր, փոխոստիկանապետը, սակայն, հերքեց այս պնդումները։

«Բացարձակ, նման բան չկա։ Ես չեմ տիրապետում այդ թվերին՝ անչափահասներ կանչվել են հարցաքննության, թե՝ ոչ, եթե նույնիսկ կանչվել են՝ քրեադատավարական բոլոր կարգերը պահպանվում են՝ ծնող, խնամակալ, մանկավարժ և այլն, բայց այդ թվերը կարող եք Քննչական կոմիտեից վերցնել», - ասաց Պողոսյանը։

Ի դեպ, բախումներից հետո Ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը հայտարարել էր, որ ցուցարարների 80 տոկոսը հարբած է եղել։ Այսօր Հունան Պողոսյանը, պաշտպանելով գործընկերոջը, ասաց, որ Երանոսյանը նկատի է ունեցել անկարգությունների մասնակիցներին, թեև ընդունեց, որ նա հարբածությունը չափող գործիք չի ունեցել։

XS
SM
MD
LG