Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ պարտավոր ենք լինել անողոք»


Հայաստանի նախագահը անդրադարձել է սահմաններին լարվածությանը՝ «անակնկալներ» խոստանալով «տաք գլուխներին»:

«Հակառակորդի արկածախնդրությունը հայկական կողմին կստիպի գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով», - Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի 23-րդ տարեդարձին նվիրված նիստում այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե ինչեր կարող է անել, եթե չբավարարվեն իր բոլոր քմահաճույքները։ «Դա պարզ շանտաժի քաղաքականություն է, որի հիմնական հասցեատերը ոչ այնքան մենք ենք, որքան միջազգային հանրությունը», - նշել է Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Մենք պատերազմ հրահրելու որևէ պատճառ չունենք: Մենք ինքներս միջադեպեր չենք հրահրում: Դուք դրա մասին շատ լավ գիտեք: Եվ մենք երբեք նախահարձակ չենք լինում: Դա մեզ պետք չի բնավ: Սակայն մեր հանդեպ ձեռնարկած ցանկացած միջադեպի հետևել և հետևելու է հատուցման գործողություն: Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն»:

«Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են անխնա կերպով մահվան բերան ուղարկել իրենց հարյուրավոր և հազարավոր քաղաքացիների՝ միայն թե իրենց աթոռները լինեն պաշտպանված: Բայց մենք չենք կարող հանդուրժել, որ դա կատարվի մեր քաղաքացիների կյանքերի ու մեր զինվորների կյանքերի գնով: Դա չի կարող արվել մեր հաշվին», - ասել է Հայաստանի նախագահը և շարունակել․ - «Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը»:

Տարեսկզբից սկսված երկու տասնյակից ավելի դիվերսիոն փորձերից, խոշոր տրամաչափի զինատեսակների կիրառումից ու հրադադարի ռեժիմի խախտման մի քանի հազար դեպքերից հետո, ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախի տակ պահել հայ-ադրբեջանական սահմանն ու ԼՂ հետ շփման գիծը։

Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն անցած երկու օրերի ընթացքում շփման գծում հակառակորդը 800 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից, ականանետերից ու նռնականետերից արձակելով ավելի քան 14000 կրակոց։

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է 3 զոհ և 2 վիրավոր․ - «Այդ երեքը իրենք հաստատել են: Որովհետև երևի այլ ձև չկար: Մենք չունենք կորուստներ: Եթե լինում են կորուստներ, գիտեք, մենք հրապարակում ենք, հայտարարում ենք, ի տարբերություն Ադրբեջանի, որոնք ըստ ամենայնի քողարկում են: Ավելին՝ մենք գիտենք, որ սպառնում են նաև իրենց զոհված զինծառայողների ընտանիքներին, որպեսզի նրանք որևէ ձևով տեղեկատվություն չտարածեն»:

Ի տարբերություն ԼՂ-ում հակամարտ ուժերի շփման գծի, անցնող գիշերը, ինչպես «Ազատության»-ը փոխանցեց Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, համեմատաբար խաղաղ է անցել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում․ - «Համեմատաբար հանգիստ, չնայած կան ստաբիլ կրակոցներ: Կորուստներ, վիրավորներ չունենք: Որոշակի միտում կա լիցքաթափման»:

Տարեսկզբից նոր թափ առած լարվածությունն ու հակառակորդի դիվերսիոն գործողությունները փորձագետներին ստիպել են թերթել միջազգային երկկողմ պայմանագրերը։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հիշատակում է դեռևս 1998-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրը, որի երկրորդ և երրորդ հոդվածներում հստակ սահմանված է. - «Երկու կողմերն անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք։ Ցանկացած պետության կողմից ձեռնարկված ագրեսիային հակազդելու համար կողմերը միմյանց կցուցաբերեն անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական»։

Սաֆարյանի համոզմամբ, 26 օրում տասը զոհը և խաղաղ բնակչության ուղղությամբ շարունակական կրակոցները ավելի քան սպառնալիք են երկրի անվտանգությանը, սակայն մինչև օրս Հայաստանում ռազմավարական դաշնակից Ռուսաստանից աջակցություն ու անհանգստություն չի նկատվել։

Այս հանգամանքը, ըստ քաղաքագետի, Ադրբեջանին թույլ է տալիս մտածել, որ Հայաստանն ու Ռուսաստանը միայն թղթի վրա են դաշնակից ու բարեկամ։

«Անշուշտ Հայաստանի իշխանությունները այդ համարձակությունը չեն կարող ունենալ՝ Ռուսաստանի իշխանություններից պահանջելու: Երբ հունիսին բացահայտ սկսվեցին խոշոր տրամաչափի սպառազինություններից Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի ռմբակոծությունները, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարեց, որ իրենք տեղեկացված չեն, որ սահմանի վրա ոտնձգություններ են տեղի ունենում: Օգոստոսի 8-ին Սոչիի եռակողմ հանդիպմանը Ռուսաստանի պահվածքը այդ նույն հանդիպման ընթացքում ցույց տվեց, որ մենք այնքան էլ ռազմավարական դաշնակից չունենք», - եզրափակեց Սաֆարյանը:

XS
SM
MD
LG