Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն հերքում է երկու տասնյակից ավելի անդամների՝ կուսակցությունը լքելու մասին լուրերը


Մինչդեռ Սպիտակի դաշնակցության կոմիտեի անդամ ներկայացած Դերենիկ Կուրղինյանը հակառակն է պնդում։

Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) հերքում է օրեր առաջ տարածված տեղեկությունները, թե Լոռու մարզի 24 դաշնակցականներ լքել են կուսակցության շարքերը։

«Խորը ափսոսանքով փաստում ենք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից և վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի»,- պնդել էին արդեն իրենց նախկին դաշնակցական համարող լոռեցիները՝ հավելելով.- «Դաշնակցության ղեկավարությունը բացառապես զբաղված է իր անձնական շահերի սպասարկմամբ»։

Հայտարարության հեղինակներից Արմեն Լամբարյանը ասում է, որ կուսակցության վերնախավը, համագործակցելով իշխող վարչակազմի հետ, երկիրը տանում է կործանման, վտանգի տակ դնելով նաև Լեռնային Ղարաբաղի գոյությունը։

«Դաշնակցությունը մինչև իմ գերեզմանն էլ սրբություն կմնա հոգուս մեջ՝ որպես ազգային գաղափարախոսություն կրող։ Կուսակցության շարքերում մաքուր մարդիկ են, վերնախավն է իր առաքելությունից, կուսակցության ծրագրից ու կանոնադրությունից շեղվել, չգիտես ինչու իշխանությունների հետ են համագործակցում բոլորը... իշխանություն չեմ էլ ուզում ասել, ռեժիմի»,- ասաց Լամբարյանը։

Լամբարյանը շեշտում է, որ այս հարցի շուրջ հայտարարությունը ստորագրած համախոհները հատուկ ժողով են գումարել երեք օր առաջ, բայց Դաշնակցությունը լքելու մտադրությունը թե իր, թե մնացած 23-ի մոտ ավելի վաղ է հասունացել։

Դաշնակցությունը հերքում է, որ հայտարարության հեղինակները իրենց կուսակցության անդամներ են՝ այս ամենը որակելով սադրանք կուսակցության՝ օրեր առաջ կայացած ընդհանուր ժողովի ֆոնին։

«Ազատության» հետ զրույցում Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ, Լոռու մարզի պատասխանատու Հովհաննես Թադևոսյանը պնդեց, թե 24-ից միայն երեքի անուններն են ծանոթ թվացել։

«Սադրանք էր միգուցե, որը, բնականաբար, իրենց մոտ չստացվեց»,- ասաց Թադևոսյանը։

Թադևոսյանը շեշտում է, որ Սպիտակում իրենք կոմիտե չունեն, տեղի դաշնակցականների մեծ մասն էլ Հայաստանում չէ, մեկնել է արտագնա աշխատանքի:

«Սպիտակում ունենք ուղղակի ընկերներ, որոնց գերակշիռ մասը՝ 80-85 տոկոսը, հիմա Հայաստանում չեն, և բնականաբար, 24 հոգին մեր ընկերները չեն։ 24 հոգու մեջ 3-4-ն են, որ մեր ընկերների անուններն ունեն»,- ասաց Թադևոսյանը։

«Ազատության» հետ զրույցում մինչդեռ Սպիտակի դաշնակցության կոմիտեի անդամ ներկայացած Դերենիկ Կուրղինյանը հակառակն է պնդում։ Պատմում է, որ օրեր առաջ ընկերներով ժողով են հրավիրել, կազմել այդ տեքստն ու որոշում կայացրել Դաշնակցությունից հեռանալու մասին։

«Դա շինովի գործ չէ, իրականում եղել է։ Ես ծրագրել եմ և ինձ Դաշնակցությունից դուրս եմ համարել»,- հայտարարեց Կուրղինյանը։

«Տարիների փորձից ելնելով` այլևս համոզվեցինք, որ ՀՅԴ-ի այլասերման գործընթացն անդառնալի է, ուստի հայտարարում ենք այդ կուսակցությանը մեր անդամությունը դադարեցնելու մասին և միանում ենք ազգային-ազատագրական շարժման դրոշ պարզած Հիմնադիր խորհրդարանին»,- ամփոփում են հայտարարության հեղինակները։

Հայ հեղափոխական դաշնակցությունն իր հասցեին հնչած քննադատություններին լուրջ չի վերաբերում։

«Դաշնակցությունը 125-ամյա պատմության մեջ ապացուցել է, որ ազգային կուսակցություն է։ Կարող է Դաշնակցության ինչ-որ մի քայլը մեկին դուր չգալ, բայց դա չի նշանակում, որ Դաշնակցությունը ապազգային է, ու այնպես չի, որ մենք պետք է իրենց կարծիքի հետ հաշվի նստենք»,- ասաց Հովհաննես Թադևոսյանը։

XS
SM
MD
LG