Մատչելիության հղումներ

Բախումների վերաբերյալ ՀԱՊԿ-ից արձագանք ստանալը «պարզ գործընթաց չէ»


Հայաստանի արտգործնախարարի խոսքով, «պարզ գործընթաց չէ» հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ ՀԱՊԿ-ից համապատասխան արձագանք ստանալը:

Այսօրվա ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը ամփոփում էր անցած 2014 թվականը, և հարցեր հնչեցին, թե ինչո՞ւ Հայաստանը, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, Ադրբեջանի հետ շարունակվող փաստացի պատերազմի առնչությամբ չի դիմում այդ կազմակերպությանը, և եթե դիմում է՝ բավարարո՞ւմ է արդյոք պաշտոնական Երևանին ՀԱՊԿ-ի արձագանքը:

«ՀԱՊԿ-ին է՛լ ենք տեղեկացրել, ԵԱՀԿ-ին է՛լ ենք տեղեկացրել, Եվրախորհրդին է՛լ ենք տեղեկացրել, ՄԱԿ-ի տարբեր կառույցներին է՛լ ենք տեղեկացրել: Եվ անհապաղ մշտապես տեղեկացնում ենք, երբ որ սադրանքներ են լինում», - ասաց նախարարը:

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունների հաղորդագրությունների համաձայն, տարվա սկզբից ադրբեջանական զինված ուժերի հետ բախումների հետևանքով հայկական կողմն արդեն ունեցել է տասը զոհ:

«Այս տարվա սկզբից այդ սադրանքների վերաբերյալ մեր առաջին արձագանքը հունվարի 3-ին էր: Դրանից հետո մի քանի անգամ արձագանքներ եղել են, և անգամ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն է արձագանքել», - շարունակեց Նալբանդյանը: - «Դուք նկատի պետք է ունենաք, որ ՀԱՊԿ-ը բազմանդամ կառույց է, և համապատասխան հայտարարությունները պետք է համապատասխան համաձայնեցվեն, և դա այդպիսի պարզ գործընթացներ չեն: Չեմ կարծում, որ ես պետք է մտնեմ մանրամասների մեջ․․․»

Հայաստանի արտգործնախարարի խոսքով, ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՀԱՊԿ-ի կողմից բազմիցս արվել են այնպիսի հայտարարություններ, որ այլ կառույցների կողմից «այդ մակարդակի հայտարարություն չի արվել»: Ընդ որում, Նալբանդյանի կարծիքով, ՀԱՊԿ-ի վերջին գագաթնաժողովի ժամանակ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արված հայտարարությունը արտացոլում է հենց հայկական կողմի դիրքորոշումը․ - «Պետք չէ պարզունակ մոտենալ, որ մենք դիմեցինք, արձագանքեցինք, ներկայացրեցինք, և անմիջապես իրենք հայտարարություն են անում: Այդպիսի սադրանքներ վերջին շրջանում եղել են տասնյակ: Եթե ամեն տասնյակ սադրանքին հայտարարություն արվի․․․ հետո՞»:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև լիակատար փոխըմբռնում կա, որ պետք է հետաքննությունը լինի բաց, թափանցիկ և որ մեղավորները պետք է օրենքի ամենախստիվ ուժով պատասխանատվության ենթարկվեն», - անդրադառնալով Գյումրիի ողբերգությանը և այդ առնչությամբ հայ-ռուսական տարբեր մակարդակի շփումներին՝ ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Հիշեցնենք, երկու օր շարունակ՝ հունվարի 14-ին ու 15-ին, Գյումրիում տեղի ունեցան զանգվածային հուզումներ․ վրդովված մարդիկ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանություններից պահանջում էին հայաստանյան իրավապահներին հանձնել Ավետիսյանների 7-հոգանոց ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին ու քրեական գործի հետաքննությունը:

Այսօր արտգործնախարարն այսպես արձագանքեց հարցին՝ արդյոք Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությանը բավարարո՞ւմ են հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները, թե՞ Հայաստանի իշխանությունները գտնում են, որ ինչ-որ բան այն չէ, և այդ հարաբերություններում պետք է ինչ-որ բան փոխել՝ հաշվի առնելով և՛ Գյումրիի դեպքերը, երբ, ինչպես պարզվեց, ռուսական կողմը ապօրինի է իր մոտ պահում կասկածյալ Պերմյակովին, և՛ այն, որ ռուսական կողմը շարունակում է լռությամբ արձագանքել հայ-ադրբեջանական փաստացի պատերազմին․ - «Այն ողբերգությունը, որը եղավ Գյումրիում, որի վրդովմունքը և զայրույթը հանրային կարծիքի կողմից մարդկային է և հասկանալի էր: Բայց այստեղ կապակցել, կապել և ասել, որ հատկապես այն, ինչպես դուք եք ներկայացնում՝ որ պետք է վերանայել և այլն, չեմ կարծում, տեղին է: Մենք ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություն Ռուսաստանի հետ, մեր համատեղ ջանքերով մտադիր ենք այդ հարաբերությունները առավել խորացնել, ամրապնդել և զարգացնել»:

Էդվարդ Նալբանդյանի՝ օրերս Բրյուսել կատարած այցի ժամանակ Եվրամիության Հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, ըստ էության, չբացառեց, որ հնարավոր է առաջիկայում Երևանի հետ ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը՝ առանց ազատ առևտրի բաղադրիչի:

Հայաստանին արտգործնախարարն այս առնչությամբ ասաց․ - «Մենք Եվրամիության հետ քննարկում ենք այն իրավական նոր հիմքը, ինչը չի հակասում մեր պարտավորություններին այլ ինտեգրացիոն ձևաչափերում»:

XS
SM
MD
LG