Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայ - ադրբեջանական հակամարտությունում չեզոք դիրքորոշում ունի․ փորձագետ


Պավել Ֆելգենգաուերը «Ազատություն TV»-ի եթերում, 25-ը հունվարի, 2015թ․

Պավել Ֆելգենգաուերը «Ազատություն TV»-ի եթերում, 25-ը հունվարի, 2015թ․

Պավել Ֆելգենգաուերի խոսքով, ղարաբաղյան կոնֆլիկտում հայկական կողմին պաշտպանելը Ռուսաստանի համար ռազմավարական տեսանկյունից ճիշտ չէ:

Ռազմական հարցերով ռուսաստանցի հայտնի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ մեկնաբանելով հայ - ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան շփման գոտում վերջին երեք շաբաթներին առկա լարվածությունը, կարծիք հայտնեց, որ դա չի բերի լայնածավալ պատերազմական գործողությունների:

«Այդուամենայնիվ, չի էլ կարելի բացառել պատերազմը: Որքան երկար է շարունակվում այս ամենը, այդքան լարվածությունն աճում է, սակայն որպեսզի այն վերածվի ինչ-որ բանի, հարկավոր են լրացուցիչ քաղաքական որոշումներ թե՛ Բաքվում, թե՛ Երևանում և հնարավոր է նաև՝ այլ վայրերում», - ասաց փորձագետը:

Ֆելգենգաուերի խոսքով, կվերածվի արդյոք ղարաբաղյան հակամարտությունը լայնածավալ պատերազմի՝ մեծամասամբ կախված է նաև ներքաղաքական իրավիճակից թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Ամեն դեպքում, փորձագետը փաստեց, որ արտաքին ուժերը Ղարաբաղով այսօր չեն զբաղվում․ - «Դրա մասին, իմ կարծիքով, բացի ադրբեջանցիներից և հայերից ոչ ոք չի հիշում»:

Փորձագետը նաև նշեց, որ բանակցային գործընթաց այսօր չկա: Ռուսաստանը ուկրաինական զարգացումների պատճառով մոռացել է Հայաստանի և Ղարաբաղի գոյություն մասին, բացի այդ, Ֆելգենգաուերի կարծիքով, Ղարաբաղն այսօր մեծ հաշվով չի հետաքրքրում ոչ թուրքերին, ոչ եվրոպացիներին, ոչ էլ ամերիկացիներին:

Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հույսերին և Հայաստանում ընդունված այն փաստարկին, որ այս քայլով երկիրն ամրապնդել է իր անվտանգությունը, Ֆելգենգաուերն ասաց, որ այդպիսի բան չկա․ Հայաստանի անվտանգությունը հիմնված է միայն հայ - ռուսական հարաբերությունների վրա, և ոչ ՀԱՊԿ-ը, ոչ էլ հատկապես ԵՏՄ-ն այստեղ որևէ դերակատարություն չունեն:

Վերջին շրջանում Գյումրիի ողբերգության պատճառով Հայաստանում ակտիվորեն քննարկվում է նաև ռուսական բազայի հարցը: Պավել Ֆելգենգաուերի խոսքով՝ այս բազան Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ միակն է տարածաշրջանում, իսկ հայերի համար այն պարիսպ է, քանի որ պաշտպանում է Հայաստանը Թուրքիայից: Բայց ռուսաստանցի փորձագետն ընդգծեց, որ ռազմաբազան պաշտպանում է Թուրքիայից, ոչ թե Ադրբեջանից:

«Մոսկվայում կա համոզմունք, որ ռուսական զորքերը Հայաստանում հայերին Թուրքիայից կարող են պաշտպանել, հայ - ադրբեջանական հակամարտությանը, մինչդեռ, ռուսական զորքերը չեն խառնվելու, եթե, իհարկե, չլինի լայնածավալ պատերազմ, իսկ այդ դեպքում ռուսները կփորձեն կողմերին պարզապես կանգնեցնել», - նշեց Ֆելգենգաուերը:

«Ռուսաստանի համար այդ կոնֆլիկտում պաշտպանել հայկական կողմին ռազմավարական տեսանկյունից ճիշտ չի համարվում», - ասաց փորձագետը՝ հավելելով, որ Ռուսաստանը հայ - ադրբեջանական հակամարտությունում չեզոք դիրքորոշում ունի:

XS
SM
MD
LG