Մատչելիության հղումներ

Անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը և քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճողը») ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադառնալով իրենց հետ տեղի ունեցածին, ասացին, որ այսուհետ ստիպված են «ծեծին ծեծով պատասխանել»։

«88-ին մենք զենք վերցրեցինք, և դա օրինական էր, պետք էր պաշտպանել երկիրը, հիմա էլ եթե այսպես շարունակվի, պետք է հետ ծեծել։ Հո չենք կարող հա հանդուրժել։ Քաղաքի կենտրոնում, օրը ցերեկով չորս հոգի կարող են մեքենայից իջնել, ծեծել և գնալ։ Դա առաջին և վերջինն է, պետք է հետ ծեծել, եթե հանկարծ փորձեն շարունակել»,- ասաց Սարգսյանը։

«Շատ բարդ է մնալ օրինական սահմաններում, եթե քեզ հետ այդպես են վարվում։ Դրա համար շատ հնարավոր է, որ պարոն Սարգսյանի ասած տարբերակով անել»,- հավելեց Գաբրիելյանը։

Նախորդ ամիս չորս դիմակավորված անձինք հարձակվել էին ազատամարտիկների դաշինքի վարչության անդամ Սուրեն Սարգսյանին և ծեծի ենթարկել նրան։ Գանգուղեղային վնասվածք ստացած Սարգսյանը վստահ է, որ իր վրա հարձակվողներն այդպիսով ցանկացել են սպառնալ նաև մյուս ազատամարտիկներ և հասկացնել, որ պետք է լռել։

Անհայտ անձանց կողմից ծեծի էին ենթարկվել նաև Ապարանի ջոկատի հրամանատարՌազմիկ Պետրոսյանը և «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ Սուրեն Սարգսյանը չի դիմել ոստիկանություն։

«Ես չեմ դիմել ոստիկանություն հատուկ։ Ուզեցի դրանով ասել, որ մենք չունենք Ազգային անվտանգության համակարգ, չունենք ոստիկանություն։ Ունենք մարդիկ, ովքեր պատրաստ են առաջից վազել, գարշապարի տակ ման գալ։ Երբ կունենանք համակարգ, լուրջ մարդիկ, ովքեր օրենքի պաշտպան են, այդ դեպքում կարելի է լուրջ ընդունել Վլադիմիր Գասպարյանին և մյուսներին»,- պատասխանեց Սարգսյանը։

Վիլեն Գաբրիելյանը, ի տարբերություն Սուրեն Սարգսյանի, երեկ է դիմել ոստիկանությունը։ Ակտիվիստը ծեծի է ենթարկվել հունվարի 18-ին՝ կրկին չորս դիմակավորված անձանց կողմից։ Գլխի պատռվածքներ ստացած Գաբրիելյանը կարծում է, որ իր քաղաքացիական ակտիվությունն է ծեծի պատճառը։

«Նավակ ճոճողը» իր «Ֆեյսբուք»-ի էջում պարբերաբար քննադատություններ է հնչեցնում իշխանությունների և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հասցեին։

«Ոստիկանությունն ու ոստիկանապետը պետք է շահագրգիռ լինեն, որ այս գործը բացահայտվի, մեղավորներն էլ պատժվեն։ Եթե բացահայտվում է, նշանակում է [պատվիրատուն] ոստիկանապետը չէ, եթե չի բացահայտվում, նշանակում է ինքն է»,- ասաց ակտիվիստը։

Սուրեն Սարգսյանն ասում է՝ արդեն գիտի ովքեր են իրեն ծեծի ենթարկողները, բայց չի շտապում անուններ նշել.- «Երբ հարձակվեցին ինձ վրա, ես արնաշաղախ ոտքի կանգնեցի, իմ տան դիմաց կանգնած էր արծաթագույն «յաշիկ»։ Ես արձանագրեցի, և գտանք՝ ովքեր են։ Իրենք գիտեն, ես ողջունում եմ որոշ ուռած գլուխների, կհանդիպենք»։

Ֆեյսբուքյան ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև տեղադրված տեսագրությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG