Մատչելիության հղումներ

Տիեզերական հետազոտությունների ամերիկյան գործակալության` ՆԱՍԱ-ի «Դոուն» անվանումը կրող տիեզերանավը շուտով կհասնի Սերես թզուկ մոլորակին:

ՆԱՍԱ-ի ի արձակած «Դոուն» տիեզերանավը երկրից իր թռիչքն իրականացրեց յոթ տարի առաջ` ուղղություն վերցնելով դեպի արեգակնային մեր համակարգի տիրույթում գտնվող երկու մոլորակներ:

ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի մասնագետ Մարք Ռեյմանի խոսքերով, անցած 57 տարիների ընթացքում առաջին անգամն է, որ որևէ տիեզերանավի առջև դրվել է երկնային երկու մարմինների շուրջը պտտվելու առաջադրանք: Այդ երկու մարմիններն են Մարսի ու Յուպիտերի միջև աստերոիդների գոտում գտնվող Վեսթան ու Սերեսը:

Երկրից այս թռիչքը կառավարող աշխատակիցների խումբն ամեն վայրկյան առաջադրանքներ է ուղարկում տիեզերանավին` կառավարելով նրա ամեն մի շարժումը և նկարում ցանկացած տեսարան հեռու այս թզուկ մոլորակի վրա:

Գիտնականներն արդեն համոզված են, որ Սերեսը ժայռաբեկորներից կազմված ու սառցե շերտով ծածկված թզուկ մոլորակ է:

Տիեզերանավի կողմից ուղարկված լուսանկարներն ավելի կարևոր տեղեկություններ կհաղորդեն, երբ մարտ ամսին այն մուտք գործի մոլորակի ուղեծիր:

Արդյո՞ք այս թզուկ մոլորակի վրա ինչ-որ ժամանակ եղել են կյանքին գոյության համար նպաստավոր պայմաններ: Այս հարցն է գիտնականներին այսօր հետաքրքրում ամենից շատ:
Գիտնականներից Քերըլ Ռեյմընդի խոսքերով, այս ուսումնասիրությունները փորձելու են վերջնականապես պարզել, թե արդյոք նման երկնային սառցե նման մարմիններն են Երկիր բերել մեր մոլորակի օվկիանոսների ջրերի հսկայական պաշարները:

Ի դեպ, «Դոուն» տիեզերանավը դեպի Սերես թռիչքն իրականացնելու ընթացքում անսպասելի հայտնագործություն է կատարել Վեստա մոլորակի վրա:

Այն հաստատել է, որ այստեղ ժայռաբեկորների միջև առկա են ջրի պաշարներ, որոնք ժամանակին գուցե հոսել են այս թզուկ մոլորակի մակերևույթին:

Եթե մեր Երկրագնդի ջուրն այստեղ է բերվել թաց նման մոլորակների կողմից, ապա չի բացառվում, որ կյանք է գոյություն ունեցել նաև այս մոլորակների վրա:

Ու եթե պարզվի, որ Սերեսի վրա պայմանները կարող էին նպաստել կյանքի գոյությանը, վերջնական պատասխան ստանալու ակնկալիքով այստեղ կուղարկվեն նորանոր առաքելություններ:

«Դոուն» տիեզերանավը Սերեսի շուրջն ուսումնասիրությունները շարունակելու է մինչև 2016 թվականի ամառը: Դրանից հետո այն պարզապես կշարունակի իր պտույտներն այս մոլորակի ուղեծրում անժամկետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG