Մատչելիության հղումներ

Դիվերսիաների փորձերը սահմանին և շփման գծում շարունակվում են


Ադրբեջանական կողմը ունի յոթ, հայկական կողմը՝ երկու զոհ, փոխանցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունները:

Հակառակորդն անցած գիշեր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ողջ սահմանի տարբեր հատվածներում դիվերսիաներ և հարձակումներ է իրականացրել՝ այդ թվում հարձակման է ենթարկվել Տավուշի մարզի Մովսես գյուղի հենակետերից մեկը, այսօր առավոտյան հաղորդեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը։ Վիրավորվել է շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը», - ասված էր Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ավանեսյանին վիրահատել են Բերդի հոսպիտալում, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

«Ազատության» հետ զրույցում Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը ասաց, թե գյուղի սահմանագծում տեղակայված հենակետի վրա սա առաջին հարձակման փորձն է։ Հենակետը գյուղից 5-6 կիլոմետր է հեռու։

«Դիվերսիոն գործողություն է կատարվել, հենց հենակետում գնդակահարվել են զինծառայողները և վիրավորվել։ Նկատելը՝ կրակոցից են զգացել, հենց զոհված զինվորը տարածքի մաքրությամբ է զբաղվելուց եղել՝ անզեն, այդտեղ է խփվել, հետո փորձել են իրեն օգնության գալ թե ինչ, օգնողն է վիրավորվել, որին հաջորդն է տեղափոխել թաքստոց։ Հենակետի ավագը փորձել է, երևի, կազմակերպել պաշտպանությունն ու ինքն է խփվել, մի խոսքով, մնացածները կազմակերպել են հենակետի պաշտպանությունը, թուրքերը հեռացել են՝ չթողելով ոչ մի հետք», - ասաց Ավալյանը։

Գյուղապետի խոսքով, չնայած լարվածությանը, գյուղում կյանքն իր բնականոն հունով է ընթանում, խուճապ չկա, մարդիկ գյուղը չեն լքում։

Գյուղը սահմանագծից հեռու է մոտ մեկ կիլոմետր։ Գյուղացիներն ասացին, որ կրակոց գրեթե ամեն օր լինում է։ Մովսեսցիներից մեկն էլ պատմեց, որ անցած գիշերը թշնամու գնդակը իր տունն է վնասել։

«Դպրոցական ունեմ, կրակոցի համար ազատել են, եկել է տուն։ Կրակոցն է մեզ շատ նեղացնում», - «Ազատության»-ը փոխանցեց Մովսեսի բնակիչը։

Հայաստանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հակառակորդին դիմագրավելու ընթացքում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել, իսկ մեկ օրվա ընթացքում ադրբեջանական կողմը 7 զոհ է տվել՝ ընդ որում, նրանցից մեկը՝ դիպուկահար խմբի հրամանատար, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի, Լեռնային Ղարաբաղի հարավում ընկել է «հայուհու դիպուկ գնդակից»։

Հովհաննիսյանը նշեց, որ սահմանային լարվածությունը դեռ պահպանվում է. - «Ճիշտ է մենք էլ ենք կորուստներ կրում, բայց իրենց այդ խիստ լկտիաբար վարվելն, իրենց սեփական քաղաքացիների հետ հաշվի չնստելը, կարող է այնպիսի պայթյուն առաջացնի, որ հետո տակից չկարողանան դուրս գալ»։

Նրա խոսքով, հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք ու «դրանց հետևանքներն արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել»։

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին՝ ասել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։

«Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու և Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների։ Նմանատիպ սադրանքներով Բաքուն միայն նպաստում է միջազգային հանրության կողմից՝ իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին», - հայտարարել է Քոչարյանը։

Նաիրա Բուլղադարյան, Նաիրա Խաչիկյան

XS
SM
MD
LG