Մատչելիության հղումներ

Ավետիսյանների հիշատակին մոմավառություններ Վրաստանում


Վրաստան - Վեց ամսական Սերյոժա և երկու տարեկան Հասմիկ Ավետիսյանների լուսանկարները, խաղալիքներ և ծաղիկներ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցու պատին, 21-ը հունվարի, 2015թ․

Վրաստան - Վեց ամսական Սերյոժա և երկու տարեկան Հասմիկ Ավետիսյանների լուսանկարները, խաղալիքներ և ծաղիկներ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցու պատին, 21-ը հունվարի, 2015թ․

Երեկ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ հունվարի 19-ին մահացած 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի և հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամների:

Եկեղեցու պատին դրվել են Ավետիսյանների երկու մանուկների լուսանկարները և խաղալիքներ:

Եկեղեցու սպասավոր Մանուկ քահանա Զեյնալյանը հոգեհանգստյան պաշտոնից հետո դիմել է արտասվող ժողովրդին և կոչ արել մխիթարվել Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակով ու վիշտը հաղթահարել աղոթքով:

Հայ համայնքի ներկայացուցիչները Ավետիսյան ընտանիքի բոլոր անդամների հիշատակին մեկական մոմ են վառել: Հավատացյալները աղոթք են բարձրացրել առ Աստված՝ նման ոճրագործություններից փրկելու և զոհվածների հոգու խաղաղության համար:

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից փոխանցում են նաև, որ Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին հոգեհանգստյան պաշտոն և մոմավառություն է կատարվել Ջավախքի և Քվեմո Քարթլիի եկեղեցիներում, մոմեր են վառվել Բաթումիում Հայաստանի հյուպատոսարանի մոտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG