Մատչելիության հղումներ

Ուկրաինական բանակը նահանջեց Դոնեցկի օդանավակայանից


Ուկրաինա -- Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության աշխարհազորայինը քայլում է ավերված օդանավակայանում խփված տանկի մոտով, Դոնեցկ, 21-ը հունվարի, 2015թ․

Ուկրաինա -- Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության աշխարհազորայինը քայլում է ավերված օդանավակայանում խփված տանկի մոտով, Դոնեցկ, 21-ը հունվարի, 2015թ․

Դոնեցկի Սերգեյ Պրոկոֆևի անունը կրող օդանավակայանի համար 2014 թվականի մայիսի 26-ից շարունակվող ճակատամարտն ավարտված է:

Անցած գիշեր ուկրաինական բանակի վերջին ստորաբաժանումը լքեց կատաղի մարտերի արդյունքում հիմնահատակ ավերված տրանսպորտային այս հանգույցում զբաղեցրած վերջին հենակետը` ընդամենը երեք տարի առաջ շահագործման հանձնված ուղևորատար նոր տերմինալը: Ուկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակ Վլադիսլավ Սելեզնյովը հայտարարեց, որ տեղի ունեցածը պլանային նահաջ էր:

«Երեկ երեկոյան որոշում կայացվեց դուրս գալ տերմինալի տարածքից և նոր դիրքեր զբաղեցնել: Գործողության ընթացքում ուկրաինական զինված ուժերի 16 զինծառայողներ գերեվարվել են: Այժմ բանակցություններ են ընթանում նրանց ազատ արձակման շուրջ», - նշում էր ռազմական գերատեսչության խոսնակը:

Առաջինը սակայն օդանավակայանի անկման մասին հայտնեց, ոչ թե պաշտպանության նախարարությունը, այլ Ազգային գվարդիայի կազմում գործող ամենաազդեցիկ կամավորական գումարտակներից մեկի՝ «Ազովի» ֆեյսբուքյան էջը:

«Դոնեցկի օդանավակայանի 242 օր տևած հերոսական պաշտպանությունն ավարտված է», - գրել էին կամավորականները:

Ռազմական անցուդարձին քաջածանոթ կիևցի լրագրող, Цензор.net կայքի խմբագիր Յուրի Բուտուսովը այսօր առավոտյան գրում էր․ - «Բոլոր այն օբյեկտները, որոնոք հնարավոր էր օգտագործել որպես հենակետ օդանավակայանի պաշտպանությունը կազմակերպելու համար, ավերված են: Շնորհակալություն բոլոր վիրավորներին և հավերժ փառք այն մարտիկներին ովքեր ընդմիշտ մնացին նոր տերմինալի տարածքում»:

Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ստորաբաժանումները այսօր առավոտյան սկսել են Դոնեցկի օդանավակայանի փլատակների ականազերծումը:

Օդանավակայանի անկումից մի քանի ժամ անց իրադրությունը սրվեց Դոնեցկի կենտրոնում: Կեսօրին մոտ հուժկու պայթյուն որոտաց քաղաքի կենտրոնում գտնվող կանգառներից մեկում` առնվազն վեց մարդու մահվան պատճառ դառնալով: Դոնեցկի հանրապետության իշխանությունները պնդում են, որ դա ուկրաինական կողմից իրականացված դիվերսիայի արդյունքն էր: Այլ աղբյուրների համաձայն, խաղաղ բնակիչները ականանետային գնդակոծության զոհ են դարձել: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, սակայն, համոզմունք է հայտնել, որ ռուսամետ զինյալներն իրենք են հրթիռակոծել սեփական հսկողության տակ գտնվող տարածքը:

«Ռուսաստանցի ահաբեկիչները այսօր հերթական սարսափելի հանցագործությունը կատարեցին: Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը», - հայտարարում էր ուկրաինական կառավարության ղեկավարը:

Ուշագրավ է, որ իրավիճակը Դոնեցկում սրվեց այն նույն ժամերին, երբ Բեռլինում հանդիպում էին Ուկրաինայի խնդրով զբաղվող այսպես կոչված կոնտակտային խմբի անդամները: Կեսգիշերին մոտ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարեց, որ չնայած հակամարտության գոտում չդադարող մարտերին կողմերը կարողացել են որոշակի համեստ առաջընթաց արձանագրել:

«Անցած շաբաթ մեզ չհաջողվեց որևէ արդյունքի հանգել: Այսօր սակայն մենք կարողացանք համաձայնության գալ, որ ուժերի միջև շփման գիծը մնում է այն նույն տեսքով, որ հստակեցվել էր դեռ մինսկյան արձանագրությունների տեքստում: Բացի այդ կողմերը համաձայնել են ծանր տեխնիկան հետ քաշել շփման գծի ողջ երկայնքից», - նշում էր Շտայնմայերը:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի գնահատմամբ էլ կողմերը մեծ դժվարությամբ են կարողացել համաձայնության գալ:

«Սա շատ բարդ քննարկում էր: Մենք կարողացանք մի շարք խնդիրների շուրջ համաձայնության գալ` մասնավորաբար եռակողմ կոնտակտային խմբի հանդիպում կազմակերպելու մասին, որը պետք է կազմակերպվի առաջիկա օրերին», - հայտարարեց ուկրաինական դիվանագիտության ղեկավարը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ բեռլինյան բանակցությունների ավարտին անուղղակիորեն երաշխավորեց, որ ապստամբները կկատարեն հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների աշխարհազորայիները արդեն իսկ համաձայնել են ծանր տեխնիկայի դուրսբերման այն գրաֆիկին, որը առաջ էր քաշել Ռուսաստանի նախագահը», - հայտարարեց Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG