Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթ առաջ Ազատության հրապարակից բերման ենթարկվածների նկատմամբ գործ չի հարուցվել


Ակցիա Ազատության հրապարակում. ակտիվիստները բերման են ենթարկվում, 15-ը հունվարի, 2015թ.

Ակցիա Ազատության հրապարակում. ակտիվիստները բերման են ենթարկվում, 15-ը հունվարի, 2015թ.

Ոստիկանությունն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, որ նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ

7 օր առաջ Ազատության հրապարակից բերման ենթարկված մոտ 4 տասնյակ քաղաքացիներից ոչ մեկի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Քննչական Կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հորդորելով դիմել ոստիկանություն, գործ չի հարուցվել:

Մինչդեռ, հիշեցնենք, ոստիկանությունն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, որ նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել է ատրճանակ, կատարվում է հետաքննություն, մի անձի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն է կազմվել, բոլորը բաց են թողնվել՝ այդ թվում նա, ում մոտ ատրճանակ է եղել:

Հունվարի 15-ին, երբ Ազատության հրապարակում Գյումրիի ողբերգության առիթով մոմավառություն էր կազմակերպվել, քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման էին ենթարկում հրապարակում հավաքվածներին՝ հայտարարելով, որ հատուկ օպերացիա են իրականացնում, քանի որ տեղեկություններ ունեն, թե քաղաքացիներից ոմանց մոտ զենք ու զինամթերք կա։

Բերման ենթարկվածներից Գագիկ Սարուխանյանը միջամտել է, երբ բերման են ենթարկել դրոշակակիր քաղաքացիներին: Սարուխանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները փորձում էին իրեն ուժով մտցնել մեքենայի մեջ և հենց այդ պահին էլ նկատել են ու վերցրել իրեն պատկանող օրինական զենքը:

«Ձեռքը դիպավ իմ կողքին, որտեղ զենք կար, և ասաց՝ վայ զենք կա, ասացի՝ թողեք, ես հանձնեմ ասյ զենքը, ասացին՝ չէ, մենք կվերցնենք: Շատ բարի, կվերցնենք, կվերցնեք, ես ձեռքս մի քիչ թեքեցի, որ իրեն հարմար լինի, չպոկի, պոկում էր: Գնացինք հասանք ոստիկանություն, և վերջ: Ոստիկանությունում հայտնվելուց հետո մեզ ոչ մի բան չպարզաբանվեց», - «Ազատությաւն» հետ զրուցյում ասաց Սարուխանյանը:

Նրա խոսքով, զենք ունեցել է նաև բերման ենթարկված Կարո Եղնուկյանը, ով հենց ոստիկանական բաժնում տեղեկացրել է այդ մասին իրավապահներին:

«Բայց իրա զենքը չէին հայտնաբերել: Այսինքն, էդ մարդուն բերման ենթարկելուց չէին նկատել, որ իր վրա զենք կա: Ճիշտն ասած, մի 10 րոպե խուճապի մեջ էին, անգամ ընդունել էին ուզում», - ընդգծեց Գագիկ Սարուխանյանը:

Նա պնդում է, որ բերման ենթարկելիս իրավապահները չեն հիմնավորել իրենց գործողությունները: Ավելին, եթե կար զենք-զինամթերքի ահազանգ, ինչո՞ւ չխուզարկեցին հենց տեղում, հարց է բարձրացնում Սարուխանյանը:

«Հստակ իրենց խնդիրը ասեին, որպեսզի բոլոր մարդիկ այդտեղ գտնվող թույլ տային, որ իրենց զենք-զինամթերքը ման գային, գտնեին, թույլ չտվողին նոր բերման ենթարկեին»:

Հունվարի 15-ին կրկնակի բերման է ենթարկվել նաև իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը: Նախ Գլխավոր դատախազության շենքի մոտից, ապա Ազատության հրապարակից: Նա ևս պնդեց, որ իրավապահները չեն հիմնավորել իրենց գործողությունները:

«Մենք տարիներ շարունակ տեսնում ենք, որ այս կամ այն ակցիայի ժամանակ բերում են որևէ սուտ հիմնավորում, ամեն կերպ բռնի ուժ կիրառելով ցրում են հավաքները և դրանից հետո իրենց պահում են այնպես, թե իբր թե բան տեղի չի ունեցել: Այսինքն իրենց նպատակը ոչ թե եղել է ինչ-որ օրինականություն հաստատելը, այլ՝ մեր նկատմամբ բռնությունը իրականացնելը: Դա ավելի շատ այդ օրը նման էր հաշվեհարդարի», - ասաց Կիվիրյանը:

Միջադեպից 7 օր է անցել: Ատրճանակներից մեկի տիրոջը՝ Գագիկ Սարուխանյանին ոչ մի անգամ չեն հրավիրել հարցաքննության, նա որևէ ծանուցագիր չի ստացել իրավապահ մարմիններից, ավելին՝ ոստիկանությունը դեռ չի էլ վերադարձրել օրինական հիմունքներովիրեն պատկանող գազային ատրճանակը:

Ոստիկանությունը հաղորդում էր երկու ատրճանակների մասին: Սարուխանյանը շեշտում է՝ մեկը իրենն էր, մյուսն էլ Եղնուկյանինը: Երկուսն էլ օրինական են և երկուսի մասին էլ իրավապահներն իմացել են: Նա հարց է բարձրացնում, թե որտե՞ղ է մնացած զենք-զինամթերքը:

Ի դեպ, ասյօր Փաստաբանների պալատը մտահոգություն է հայտնել պալատի անդամ հանդիսացող անձանց՝ այդ թվում Արգիշտի Կիվիրյանի, Լուսինե Սահակյանի և Ավետիք Իշխանյանի իրավունքների ու ազատությունների սահմանափակման փաստով և կոչ է արել պատկան մարմիններին կատարվածի կապակցությամբ իրականացնել համապարփակ քննություն:

XS
SM
MD
LG