Մատչելիության հղումներ

Դատապաշտպան. Ասկերովը Ադրբեջանի քաղաքացի է


Լեռնային Ղարաբաղ - Դիլհամ Ասկերովը դատարանի դահլիճում, Ստեփանակերտ, 19-ը դեկտեմբերի, 2014թ.

Լեռնային Ղարաբաղ - Դիլհամ Ասկերովը դատարանի դահլիճում, Ստեփանակերտ, 19-ը դեկտեմբերի, 2014թ.

Դիլհամ Ասկերովը ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի քաղաքացի է, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցու դատապաշտպան Էրիկ Բեգլարյանը:

«Ինչպես գիտեք, Դիլհամ Ասկերովը անցած տարվա հուլիսին Լեռնային Ղարաբաղի պետական սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով ձերբակալվել և մի շարք հանցագործություններ կատարելու համար Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Քրեական գործի դատաքննության ընթացքում պարզվել է, որ Ասկերովը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է», - ասել է Բեգլարյանը։

Դատապաշտպանը նաև հավելել է, որ դեռևս Ասկերովի ձերբակալման պահից ադրբեջանական մամուլը փորձեր է կատարել նրան Ռուսաստանի քաղաքացի ներկայացնել, ինչն իրականությանը չի համապատասխանում:

Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողը հետաքրքվել էր Ասկերովի ճակատագրով՝ հայտարարելով, թե նա Ռուսաստանի քաղաքացի է, և ինչո՞ւ Ռուսաստանը որևէ հայտարարություն չի անում իր քաղաքացուն ազատ արձակելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ Լավրովն ասել է, թե նրան հայկական կողմն է ձերբակալել, այդ իսկ պատճառով հարցը կքննարկեն հայկական կողմի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG