Մատչելիության հղումներ

Ալիև - Մերկել հանդիպումը` բողոքի ակցիաների ուղեկցությամբ


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ասուլիսը Բեռլինում, 21-ը հունվարի, 2015թ.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ ասուլիսը Բեռլինում, 21-ը հունվարի, 2015թ.

Ակտիվիստները, լրագրողներն ու իրավապաշտպանները Ալիևից պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին, հարգել խոսքի ազատությունն ու երկրում գործող լրատվամիջոցներին։

Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ նախօրեին Բեռլինում քննարկում էր Ադրբեջան - Եվրամիություն համագործակցության հեռանկարները, ղարաբաղյան հակամարտությունը, ուկրաինական ճգնաժամը, մի խումբ ակտիվիստներ, լրագրողներ ու իրավապաշտպաններ Գերմանիայի մայրաքաղաքում բողոքի ցույց էին անցկացնում՝ պահանջելով Ալիևից ազատ արձակել քաղբանտարկյալներին, հարգել խոսքի ազատությունն ու երկրում գործող լրատվամիջոցներին։

Բեռլինում տեղակայված ադրբեջանական «Մեյդան TV»-ի փոխանցմամբ, բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում, երբ Ալիևն ու Մերկելը տեսախցիկների առաջ իրար ձեռք սեղմելով լուսանկարվում էին, ադրբեջանցի հայտնի բլոգեր, քաղաքական էմիգրանտ Հաբիբ Մունթեզիրը դահլիճից բղավել է. - «Պարոն նախագահ, ազա՛տ արձակեք քաղբանտարկյալներին, ազատությո՛ւն մամուլին»։

Այս կոչերին, մինչդեռ, Ալիևը հակառակ պնդումներով է արձագանքել: Նա հայտարարել է, թե Ադրբեջանում հարյուրավոր լրատվամիջոցներ կան, չկա գրաքննություն, ապահովված է համացանցից օգտվելու հնարավորությունը։

Շուրջ հարյուր քաղբանտարկյալ ունեցող Ադրբեջանի նախագահը նաև ասել է. - «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում վերջին տարիներին նշանակալի քայլեր են արվել ժողովրդավարության զարգացման ուղղությամբ, քանի որ մենք հավատում ենք, որ քաղաքական բարեփոխումները պետք է տեղի ունենան տնտեսական բարեփոխումներին զուգահեռ»։

Ալիևը չի շրջանցել նաև իր անձին առնչվող ձեռքբերումները։ Նա ասել է, թե գրեթե 90 տոկոսանոց վարկանիշ ունի երկրում, հարցումների արդյունքներ է վկայակոչել, իսկ ժողովրդի հսկայական աջակցությունը պայմանավորել է վերջին տարիներին իր նախաձեռնած բարեփոխումներով։

«Վերջին 11 տարիների ընթացքում Ադրբեջանը աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից է։ Այսպիսի ցուցանիշներով, իհարկե, ցանկացած նախագահ բարձր վարկանիշ կունենա», - Ալիևի խոսքերն է մեջբերել ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք՝ մինչ այս հանդիպումը Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դիմել էր Գերմանիայի կանցլերին, որպեսզի վերջինս Ադրբեջանի նախագահից պահանջի դադարեցնել ճնշումները քաղաքացիական հասարակության նկատմամբ։

Ասուլիսի ավարտին, սակայն, Մերկելը հայտարարել է, որ Ալիևի հետ մտքեր է փոխանակել մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես, քննարկել է աշխարհաքաղաքական հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի ճգնաժամը։

«Մենք նաև քննարկել ենք ղարաբաղյան հակամարտությունը և այն ներդրումը, որը կարող է անել Եվրամիությունը դրա կարգավորման համար։ Այդ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով», - հայտարարել է Մերկելը։

XS
SM
MD
LG