Մատչելիության հղումներ

logo-print

ԿԲ-ն ևս մեկ տոկոսով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը


Երեկ արտահերթ նիստում Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1.00 տոկոսային կետով՝ սահմանելով 9.50 տոկոս:

ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն՝ անցած տարվա դեկտեմբերին արձանագրվել է 3.0 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.6 տոկոս:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման մասին նախորդ որոշումից հետո արտաքին հատվածում հիմնական հումքային և պարենային շուկաներում պահպանվել են գնանկումային միտումները, որոնց հնարավոր արտացոլման չափն ու արագությունը Հայաստանի համապատասխան շուկաների գնային փոփոխություններում դեռևս անորոշ է: Գործընկեր երկրներում նույնպես գրանցվել են գնանկումային ճնշումներ, բացառությամբ Ռուսաստանի, որտեղ ռուբլու՝ տարեվերջին գրանցված աննախադեպ արժեզրկումն արտահայտվել է գների մակարդակի՝ աճի ուղղությամբ ճշգրտմամբ, ասված է հաղորդագրությունում:

Մյուս կողմից, նշում է ԿԲ-ն, չնայած ներքին տնտեսությունում որոշակիորեն մեղմվել են 2014 թվականի վերջին ձևավորված բարձր գնաճային սպասումները, այնուամենայնիվ, դրանք դեռևս պահպանվում են, ինչն էլ արտահայտվում է ֆինանսական շուկայում՝ տնտեսվարող սուբյեկտների մոտ բարձր դրամային տոկոսադրույքների պահանջի դրսևորմամբ:

Դրամավարկային քաղաքականության դիրքը պահպանելու նկատառումով ԿԲ-ի խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միևնույն ժամանակ, ձևավորված շուկայական բարձր տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով խորհուրդն իջեցրել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 3 տոկոսային կետով՝ սահմանելով այն 17 տոկոս: Արտարժութային շուկայում ճնշումների արդեն իսկ թուլացման պարագայում դա, ըստ ԿԲ-ի, կնպաստի բարձր գնաճային սպասումների չեզոքացմանը և գնաճի նպատակի իրագործմանը:

Դրամավարկային քաղաքականության ուղղությունների մասին հաջորդ որոշումը տեղի կունենա փետրվարի 10-ին՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Որոշմանը կհաջորդի Դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի հրապարակումը, որտեղ Կենտրոնական բանկն ավելի մանրամասնորեն կանդրադառնա վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին և ապագայի կանխատեսումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG