Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը կպատասխանի պատգամավորների հարցերին


Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Այսօր ԱԺ-ում տեղի կունենան Գյումրիի սպանդի գործով արդեն մեկ անգամ հետաձգված լսումները։

Փոքրիկ Սերյոժայի մահվան պատճառով հետաձգված խորհրդարանական լսումները տեղի կունենան այսօր: Պետաիրավական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կպատասխանի պատգամավորների հարցերին՝ Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության թեմայով:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտադիր է Կոստանյանից ճշտել՝ իրավական ի՞նչ հիմքով են ռուս սահմանապահները Հայաստանի սահմանը խախտել փորձող Պերմյակովին փոխանցել ոչ թե հայ իրավապահներին, այլ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներին։

«Փոխանցել են միանգամից 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներին, այստեղ էլ կա խնդիր հենց մեր իրավապահ մարմինների անգործության վերաբերյալ, և բազմաթիվ այլ հարցեր նույնպես պետք է քննարկման առարկա դառնան, և դրանից մենք արձանագրենք պատասխաններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավորը օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող գլխավոր դատախազից բացատրություններ է պահանջելու՝ ինչո՞ւ Գևորգ Կոստանյանը մինչև օրս չի կատարել խոստումն ու գրավոր պահանջ չի ներկայացրել Ռուսաստանի իրավապահներին՝ հայկական կողմին փոխանցել Հայաստանի տարածքում առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվողին: Զարուհի Փոստանջյանը շեշտում է՝ ոչ թե հանձնել հայ իրավապահներին, այլ փոխանցել, քանի որ, պատգամավորի պնդմամբ, Պերմյակովը ապօրինի է պահվում ռուսական ռազմաբազայի տարածքում։

«Այն պայմանագրերը, որոնք գործում են, որոնք հիմք են տալիս մեզ ունենալու կարծիք, որ այս պահին հաստատվի, հայ իրավապահները ցուցաբերել են անգործություն, ռուս սահմանապահ զորքերի ներկայացուցիչների և ռազմաբազայի ղեկավարությունը գործել են Հայաստանի Հանրապետությունում անօրեն և անօրեն այս անձին առևանգել են», - ասաց Փոստանջյանը:

Պատգամավորը նաև հարց է տալիս, թե ինչո՞ւ մինչ այս պահը Ավետիսյան ընտանիքի հարազատները տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվել վարույթն իրականացնող մարմնի կողմից, որպեսզի լիարժեք իրավունք ունենան մասնակցելու վարույթին։

«Այս հարցերն, այո, պետք է անձամբ հենց իրենց ուղղեմ», - ասաց Փոստանջյանը։

XS
SM
MD
LG