Մատչելիության հղումներ

Հարցում․ Թուրքերի մեկ երրորդից ավելին լուրջ սպառնալիք է համարում Հայաստանը


Թուրքիա - Տեսարան Ստամբուլի պատմական կենտրոնից

Թուրքիա - Տեսարան Ստամբուլի պատմական կենտրոնից

2014-ի նույնատիպ հարցման համեմատ, այդուհանդերձ, հայերից վտանգ ակնկալող թուրքերի թիվը զգալիորեն կրճատվել է:

Շարքային թուրքերի ավելի քան մեկ երրորդի համոզմամբ` Հայաստանն իրենց երկրի անվտանգության համար լուրջ սպառնալիք ներկայացնող պետությունների տասնյակում է: Սա են վկայում Ստամբուլում գործող «Քադիր Հաս» համալսարանի կողմից անցկացված ամենամյա ծավալուն սոցհարցման արդյունքները, որոնք հրապարակվեցին այս շաբաթ:

Դրանց համաձայն, թուրքերի 35 տոկոսը վստահ է` Հայաստանը Թուրքիայի ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք է հանդիսանում:

Հարկ է, այդուհանդերձ, նկատել, որ անցած տարվա նույնատիպ հարցման համեմատ հայերից վտանգ ակնկալող թուրքերի թիվը զգալիորեն կրճատվել է: «Քադիր Հաս» համալսարանի` 2014-ի հունվարին հրապարակած տվյալներով՝ Հայաստանը որպես սպառնալիք էր դիտարկում հարցված թուրքերի 53 տոկոսը: Այսօր, սակայն, հարցման մասնակիցների 48 տոկոսի համոզմամբ՝ Հայաստանը իրենց երկրի համար որևէ վտանգ այլևս չի ներկայացնում: Ուշագրավ է, որ անցած տարի Հայաստանի հանդեպ առավել հանգիստ տրամադրված թուրքերի թիվը ընդամենը 28 տոկոս էր:

Թուրքիայի հավանական թշնամիների ցանկում միանձնյա առաջատարը Իսրայելն է՝ հրեական պետությանը որպես սպառնալիք է ընկալում հետազոտությանը մասնակցած թուրքերի 70 տոկոսը: Երկրորդ տեղում Միացյալ Նահանգներն է՝ 51 տոկոս ցուցանիշով: 350 տարիների ընթացքում Թուրքիայի հետ 12 անգամ պատերազմած Ռուսաստանը այսօր որպես սպառնալիք է ընկալում թուրքերի 28 տոկոսը միայն: Հարցման համաձայն՝ Թուրքիայի ազգային անվտանգությունը վտանգող հարևանների թվում են նաև Կիպրոսը, Հունաստանը, Սիրիան և Իրանը:

Թուրքերի 36 տոկոսի համոզմամբ, ի դեպ, երկրի համար վտանգ է ներկայացնում նաև Եվրամիությունը: Ուշագրավ է, այդուհանդերձ, որ նույն հետազոտության արդյունքների համաձայն՝ Թուրքիայի բնակչության 71 տոկոսը կողմ է Եվրամիությանը երկրի լիիրավ անդամակցությանը: «Քադիր Հաս» համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված այս հարցման մասնակիցների կեսից ավելին, սակայն, վստահ է` Թուրքիային չի հաջողվի անդամակցել Եվրամիությանը․ հարցված թուրքերի միայն 45 տոկոսն է նշել, թե հավատում է, որ մի օր երկիրը կանդամակցի Եվրոպական միությանը:

Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, ապա Թուրքիայի բնակիչների համոզմամբ՝ դրանցից առավել հրատապը գործազրկության ծավալների աճն է: Այս մոտեցմանն է հակված հարցման մասնակիցների 33 տոկոսը: Հարցված թուրքերի 19 տոկոսի համոզմամբ էլ՝ երկրի առջև ծառացած հիմնական խնդիրը ահաբեկչական կառույցների գործողությունն է: Ներքին խնդիրներից թուրքերի համար հրատապությամբ երրորդ տեղում է քրդական հարցը:

XS
SM
MD
LG