Մատչելիության հղումներ

Բրյուսելը չի բացառել Երևանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը


Բելգիա -- Ձախից աջ՝ Յոհանես Հան, Էդվարդ Նալբանդյան, Էդգարս Ռինկևիչ, 20-ը հունվարի, 2015 թ.

Բելգիա -- Ձախից աջ՝ Յոհանես Հան, Էդվարդ Նալբանդյան, Էդգարս Ռինկևիչ, 20-ը հունվարի, 2015 թ.

Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերով ընդլայնել և ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները՝ չնայած Գյումրիի ողբերգությանը, երեքշաբթի Բրյուսելում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում աշխատող թղթակիցը Նալբանդյանից հետաքրրքվել է՝ արդյոք Գյումրիի ողբերգական իրադարձությունից հետո Հայաստանը կպահանջի՞ ինչ-որ պարզաբանում Ռուսաստանից, կամ արդյոք կվերանայի՞ Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ:

Ի պատասխան Հայաստանի արտգործնախարարն ասել է․- «Մենք լիահույս ենք, որ քննությունը կավարտվի հնարավորինս շուտ, և մեղավորները կպատժվեն օրենքին համապատասխան: Իհարկե, այս սոսկալի հանցագործությունը Հայաստանի հանրային կարծիքում բազմաթիվ զգացմունքներ է առաջացրել, սակայն դուք գիտեք, որ մենք Ռուսաստանի հետ ունենք ամուր, դաշնակցային, ռազմավարական հարաբերություններ և շարունակելու ենք համատեղ ջանքերով դրանք առավել ընդլայնել և ամրապնդել»:

Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո սա Հայաստանի և Եվրամիության համագործակցության խորհրդի առաջին նիստն էր, որի ընթացքում պաշտոնական Բրյուսելը, ըստ էության, չի բացառել, որ հնարավոր է՝ առաջիկայում Երևանի հետ ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը՝ առանց ազատ առևտրի բաղադրիչի: Այդ մասին նիստից հետո ասել է Եվրամիության Հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը՝ ընդգծելով, որ կողմերն այժմ հենց այդ հարցի շուրջ են բանակցում:

«Կարծում եմ՝ մենք պետք է առավելագույնը քաղենք արդեն գոյություն ունեցող և բանակցված Ասոցացման համաձայնագրից: Անշո՛ւշտ, այն պետք է ճշգրտվի և արտացոլի Հայաստանի ստանձնած նոր պարտավորությունները, սակայն ես հույս ունեմ, որ այդ փաստաթղթի քաղաքական մասը կպահպանվի»,- «Ազատության» հարցին ի պատասխան ասել է Հանը:

Եվրամիությունն այժմ նախագահող երկրի՝ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչն էլ իր հերթին նշել է, որ այդ առումով այս տարին շատ կարևոր է վճռական է Հայաստանի և Եվրամիության համար։

«Հստակ հանձնառություն կա շարունակելու մեր հարաբերությունները այն ոլորտներում, որտեղ հնարավոր է, հաշվի առնելով Հայաստանի ստանձնած պարտավորությունները ԵՏՄ-ի առջև»,- ընդգծել է Ռինկևիչը։

Եվրամիությունում այժմ նախագահող արտգործնախարարը խոսել է նաև ղարաբաղյան խնդրի մասին՝ կողմերին կոչ անելով զերծ մնալ իրավիճակը սրող գործողություններից.- «Ստատուս քվոն անընդունելի է, խաղաղ կարգավորման որոնումը Եվրամիության համար շարունակում է մնալ գերակա խնդիր։ Շատ կարևոր է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից ու գործողություններից, ինչպես նաև ստեղծել մթնոլորտ, որը կնպաստի խնդրի խաղաղ կարգավորմանը»,- ասել է Էդգարս Ռինկևիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG