Մատչելիության հղումներ

Հայկական կողմը Պերմյակովին մեղադրանք առաջադրեց


Պաշտոնական հաղորդագրության համաձայն հայ քննիչներն այսօր հարցաքննել են Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Վալերի Պերմյակովին: Նրան արդեն հայ իրավապահների կողմից մեղադրանք է առաջադրվել ընտանիքի 7 անդամների սպանության գործով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Այն, որ Պերմյակովը կալանքի տակ է գտնվում ռուսական դատարանի որոշմամբ՝ փաստաբան Լուսինե Սահակյանին հիմք է տալիս ենթադրել, որ հայ քննիչների իրականացրած հարցաքննությունը չի կարող բազմակողմանի լինել:

«Հայկական կողմն, ըստ էության, միայն թույլտվություններով կարող է շփվել Պերմյակովի հետ», - ասում է փաստաբանը, - «Ձևականորեն տարածքում գտնվելը և դատվելը Ռուսաստանի դատարանի կողմից ես գտնում եմ անօրինական: Սա գալիս է նրանից, որ ի սկզբանե մեր իրավապահ մարմինները չեն կարողացել կատարել իրենց պարտականությունները պատշաճ, որպեսզի Պերմյակովին իրենք հայտնաբերեն և ձերբակալեն»:

Այս պահին հայտնի է միայն, որ երեկ ռուսական ռազմաբազայում Ռուսաստանի և Հայաստանի Քննչական կոմիտեների ղեկավարների շուրջ երեք ժամ տևած հանդիպման ավարտին համաձայնություն է ձեռք բերվել փոխգործակցության շտաբ ստեղծելու մասին: Քննությանը աջակցելու նպատակով Հայաստան եկած ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ Ալեքսանդր Բաստրիկինն ու նրա գործընկեր Աղվան Հովսեփյանը, հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին լրագրողներին երեկ որևէ բառ չասացին: Լրագրողները բառի բուն իմաստով տեղեկություն կորզեցին միայն այն բանից հետո, երբ փակեցին պաշտոնական ավտոշարասյան ճանապարհը: Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ստիպված էր դուրս գալ և որոշ պարզաբանումներ ներկայացնել:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երեկվա հանդիպումից հետո քննչական կոմիտեների նախագահները հայտնելու ոչինչ չեն ունեցել ու նրանց միայն մնացել էր այդ լուրը տրամադրել լրագրողներին:

Իրավապաշտպանը պնդում է, որ լարված իրավիճակը մեղմելու և հայկական կողմի արժանապատվությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է հստակ որոշում՝ Պերմյակովին Հայաստանին հանձնելու մասին:

«Ցանկացած միջանկյալ լուծում կամ ցանկացած իրավիճակային լուծում, ինչպիսին այս շտաբն է կամ ապագայում էլի ինչ-որ փորձեր են լինելու, չի կարող հանդարտեցնել կրքերը: Միակ ճիշտ լուծումը՝ հայկական կողմին հանձնելը, որը կհանդարտեցնի կրքերը և արժանապատվության խնդիր չի դրվի», - ասում է Հարությունյանը:

Իրավաբան Արա Ղազարյանը, սակայն, քիչ հնարավոր է համարում Պերմյակովին Հայաստանին հանձնելու հնարավորությունը: Փոխգործակցության շտաբի ձևավորումը և հայկական ու ռուսական կողմերի՝ դրան նախորդող գործողություններն իրավաբանը համարում է միայն հասարակական ճնշման արդյունք: Իսկ ռուսական կողմը, Պերմյակովին ձերբակալելով, ըստ Ղազարյանի՝ խախտել է պայմանագիրը:

«Եթե նրանք ձերբակալում են կատարել Հայաստանի տարածքում, դա արդեն իսկ այս պայմանագրի խախտում է: Եթե սահմանի վրա է՝ ռուս զինվորը ունի իրավազորություն, եթե արդեն հայկական տարածքում է, ուրեմն՝ լավ, անհրաժեշտություն է առաջացել ձերբակալում իրականացնել, բայց միանգամից պետք է տեղեկացնի հայկական կողմին և հանձնի հայկական կողմին», - ասում է իրավաբանը:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG