Մատչելիության հղումներ

logo-print

Ճարտարապետության թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 25-ամյակը


Ցուցահանդես Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, լուսանկարը՝ թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքէջից

Ցուցահանդես Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, լուսանկարը՝ թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքէջից

Այս տարի ճարտարապետության թանգարան-ինստիտուտը մի քանի լուրջ ծրագրեր է նախատեսել՝ կապված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ:

Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը 25 տարեկան է: Թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Աշոտ Գրիգորյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ 1990-ին, երբ հիմնադրվում էր թանգարանը, ոչինչ չունեին:

«25 տարի առաջ չկար ճարտարապետական ուղղակիորեն արխիվ, ֆոնդարան, հավաքածու: Հիմա կա հսկայական նյութ, հավաքածու, բայց չկա հնարավորություն մշտական ցուցադրության: Այսինքն, թանգարանին հարկավոր է նոր շենք», - նշեց Գրիգորյանը:

Արդեն քանի տարի է, ինչ այս խնդիրը արծարծվում է, բայց առայժմ որևէ նորություն չկա՝ թանգարանը գործում է Կառավարության 3-րդ մասնաշենքի 1-ին հարկում:

«Նոր քաղաքաշինության նախարարը ունի նման իր ծրագրում շեշտած մի կետ, որ պիտի փորձենք ինչ-որ կերպ գտնել», - ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենը:

Այս տարի ճարտարապետության թանգարան-ինստիտուտը մի քանի լուրջ ծրագրեր է նախատեսել՝ կապված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ:

Նախ՝ ցուցահանդեսների շարք կբացվի «Եղերնապուրծ ճարտարապետներ» խորագրի ներքո, առաջին ցուցահանդեսը կբացվի մարտի 15-ին և կներկայացնի Լևոն Կյուրեղյանի ստեղծագործությունները: Այդ օրը նրա թոռը Կյուրեղյանի արխիվի զգալի մասը նվիրաբերելու է Հայաստանին՝ ի դեմս ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի:

Այս շարքի հաջորդ ցուցահանդեսների ժամանակ կցուցադրվեն ծնունդով Արևմտյան Հայաստանից Մեծ եղեռնից մազապուրծ և աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում և՝ Հայաստանում ապաստանած և ստեղծագործած ճարտարապետների աշխատանքները: Այս ամենը նախատեսվում է ցուցադրել նաև արտերկրում: Նախնական պայմանավորվածությամբ, ցուցահանդեսը առաջինը կներկայացվի Բրատիսլավայում:

«Իսկ այս տարի ուզում ենք վերջապես սեղանին դնել «Պոլսահայ ճարտարապետներ» հատորը, որտեղ խոսքը կգնա ավելի քիչ բյուզանդական շրջանի հայ ճարտարապետների մասին, մի քիչ ավելի Օսմանյան կայսրության շրջանի, իսկ շեշտադրումը կդրվի անկախության շրջանի՝ Թուրքիայի հանրապետության շրջանի հայ ճարտարապետների վրա, որոնց մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք, բայց ըստ մեզ մոտ հավաքված նյութերի, խոսքը առնվազն 200 հայ ճարտարապետների մասին է, որոնք այսօր ապրում են, աշխատում են Թուրքիայում», - ասաց Աշոտ Գրիգորյանը:

XS
SM
MD
LG