Մատչելիության հղումներ

Օբամա․ Միացյալ Նահանգները շրջում է իր պատմության էջը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի առջև հանդես է գալիս ամենամյա ուղերձով, Վաշինգտոն, 21-ը հունվարի, 2015թ․
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի առջև հանդես է գալիս ամենամյա ուղերձով, Վաշինգտոն, 21-ը հունվարի, 2015թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի օրը Կոնգրեսի առաջ հանդես է եկել իր ամենամյա ելույթով:

«Երկրի վիճակի մասին» հաշվետություն ներկայացնելով, Օբաման հայտարարել է՝ Միացյալ Նահանգները շրջում է իր պատմության էջը:

Իր ուղերձում բացի ներքին հարցերից ԱՄՆ-ի նախագահը անդրադարձել է նաև Իրանի միջուկային ծրագրին, Կուբայի հետ հարաբերությունների բարելավմանը: Նա հերթական անգամ Կոնգրեսին կոչ է արել փակել Գուանտանամոյի ռազմական բազայի բանտերը ահաբեկչության մեջ կասկածվող արտասահմանցիների համար:

Օբաման խոսել է նաև ուկրաինական ճգնաժամից, այդ կապակցությամբ կարծիք է հայտնել, թե Ռուսաստանն այսօր հայտնվել է միջազգային մեկուսացման մեջ, իսկ ռուսական տնտեսությունն էլ քայքայված է:

«Մենք ցուցադրում ենք ամերիկյան դիվանագիտությունն ու ուժը: Մենք մեր սկզբունքներն ենք պաշտպանում՝ մեծ երկրները իրավունք չունեն հարձակվելու փոքր երկրների վրա, և մենք կդիմադրենք ռուսական ագրեսիային՝ աջակցելով Ուկրաինայի ժողովրդավարությանն ու ոգևորելով ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին»,- հայտարարել է նախագահ Օբաման:

Նա պատմել է, որ անցած տարի, երբ Միացյալ Նահանգները զբաղված էր իր դաշնակիցների հետ պատժամիջոցների սահմանման ծանր աշխատանքով, «ոմանք կարծում էին, որ Պուտինի ագրեսիան ռազմավարության և ուժի հնարամիտ ցուցադրություն էր»: «Ես լսել եմ նման հայտարարություններ: Սակայն այսօր հենց Ամերիկան է ավելի ուժեղ և միավորված իր դաշնակիցների հետ: Հենց այդպես է Ամերիկան առաջ մղվում՝ ոչ թե դատարկ սպառնալիքների, այլ հաստատակամ վճռականության շնորհիվ», - հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Նախագահության յոթերորդ տարում Կոնգրեսին ուղղված իր ելույթում Բարաք Օբաման ընդգծել է՝ տարին բեկումնային էր, Միացյալ Նահանգներին հաջողվեց հաղթահարել ճգնաժամը։

«Այսօր մեր տնտեսությունն աճում է, աշխատատեղերը 1999 թվականից ամենարագ տեմպերով են ստեղծվում։ Գործազրկության ցուցանիշները նվազել են։ Այսօր, ավելի, քան երբևէ ավելի շատ մարդ բժշկական ապահովագրություն ունի։ Ճգնաժամի հետքն անհետացել է։ Մեր միությունն ամուր է»,- վստահեցրել է Օբաման։

Օբամայի թվով արդեն վեցերորդ ելույթը ուշագրավ էր այն առումով, որ ընդամենը երեք ամիս առաջ նրա՝ Դեմոկրատական կուսակցությունը դաժան պարտություն կրեց Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում՝ կորցնելով Սենատի մեծամասնությունը։ Այս ընթացքում Օբամային աջակցողների թիվը 40 տոկոսից նվազեց։ Մինչդեռ, ինչպես նկատում են վերլուծաբանները, Օբաման ինքնավստահ էր Կոնգրեսին ուղղված իր ելույթն ընթերցելիս, նա հպարտությամբ էր խոսում Միացյալ Նահանգների իշխանության վարած քաղաքականության մասին։

Քիչ չեն նաև բացասական գնահատականները: Շատերը Օբամայի ելույթը համարում են Կոնգրեսի իր ընդդիմախոսների վրա որոշիչ հարձակում։

«Օբամայի ելույթը անակնկալներ չէր պարունակում»,- գրում է «Լոս Անջելես Թայմզ»-ի վերլուծաբան Դոյլ Մակմենուսը.- «Սակայն նա առավել հստակ ցույց տվեց այն ռազմավարությունը, որն ընտրել է իր նախագահության վերջին երկու տարիների համար։ Նա կշարունակի խոսել միջկուսակցական համագործակցությունից, սակայն իրականում կանի հակառակը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG