Մատչելիության հղումներ

Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված Վալերի Պերմյակովին այսօր մեղադրանք է առաջադրվել:

Հայաստանցի քննիչները այս պահին գտնվում են ռուսական 102-րդ ռազմաբազայում և հարցաքննում են մեղադրյալին: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը, Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ:

Քննչական կոմիտեից նաև հայտնում են, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների նախագահներ Աղվան Հովսեփյանի և Ալեքսանդր Բաստրիկինի երեկ ստորագրած համաձայնագրով ստեղծված համակարգող շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ՝ երկու երկրների քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

Հիշեցնենք, որ համակարգող շտաբը ստեղծվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով:

«Քրեական գործի քննությունը և բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաև՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն», - մասնավորապես ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ըստ նույն աղբյուրի՝ «հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը և հետագայում դատավարությունը տեղի կունենա բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում»:

Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG