Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ. Բաքուն լիովին կասեցրել է սեփական զինուժին վերաբերող բացասական հրապարակումները


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական զինված ուժերին վերաբերող ցանկացած բացասական հրապարակում, հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը այսօր տարածած հաղորդագրությունում շեշտում է, որ Ադրբեջանի նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո այդ երկրի ռազմական ղեկավարությունն իր տեղեկատվական քաղաքականության մեջ սահմանել է տեղեկությունների սահմանափակման և փաստերի աղավաղման նոր` առավել բարձր նշաձող։

Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մատուցվող «փաստերն ամբողջովին աղավաղելու, ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու հետ մեկտեղ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական, առավել ևս` շփման գծում բազմաթիվ անիմաստ մարդկային կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերվող տեղեկատվության հրապարակումը», ասված է հաղորդագրությունում:

«Այդ գործելաոճը լիովին տեղավորվում է համապետական մակարդակով վարվող տեղեկատվական քաղաքականության շրջանակներում, երբ «խոսքի ազատություն», «ազատ մամուլ», «մարդու իրավունքներ», «բազմակարծություն» և տեղեկատվական ազատ հասարակությանը բնորոշող բոլոր մյուս հատկանիշները արմատախիլ են արված, երբ ազատ կամարտահայտությունը դիտվում է որպես պետական դավաճանություն, երբ տասնամյակներ շարունակ սերունդները դաստիարակվում են հայի թշնամու կերպարի, մտացածին սեփական պատմության և հանցագործությունների հիման վրա ստեղծված հերոսների մոտիվներով», - շեշտում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, այսուհետ ևս հայկական կողմը շարունակելու է բաց, թափանցիկ և օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականությունը` հասարակությանը հաշվետու լինելով զինված ուժերի բոլոր ձեռքբերումների ու առավել ևս` բացթողումների համար, «քանզի գիտակցում է դրանք հաղթահարելու, Հայաստանի Հանրապետության և հայ հասարակության պաշտպանությունն ապահովելու ամբողջ պատասխանատվությունը»:

«Տեղեկատվական դաշտում որդեգրած մոտեցումների այս տարբերությունը լավագույնս ի ցույց է դնում հակամարտ կողմի հետ գոյություն ունեցող և օրըստօրե խորացող բարոյական ու արժեքային տարբերությունը», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG