Մատչելիության հղումներ

logo-print

Պաատա Դավիթայա. Ռուսաստանը Հայաստանին նայում է որպես իր վասալի


Վրաստանի «Եվրոպական դեմոկրատներ» կազմակերպության նախագահ Պաատա Դավիթայա, արխիվ

Վրաստանի «Եվրոպական դեմոկրատներ» կազմակերպության նախագահ Պաատա Դավիթայա, արխիվ

Վրաց գործչի խոսքով՝ Ռուսաստանի նախագահը գողական մտածելակերպով է շարժվում։

Ռուսաստանը Հայաստանին նայում է որպես իր վասալի և վերաբերվում է իր վասալի պես, հայտարարել է Վրաստանի «Եվրոպական դեմոկրատներ» կազմակերպության նախագահ Պաատա Դավիթայան։

«Տաբուլա» հեռուստաընկերության «Թեորեմա» հաղորդաշարում Դավիթայան կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը չի ցանկանում Գյումրիի ընտանիքի սպանության մեղավոր ռուս զինվորին հանձնել Հայաստանին, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գողական մտածելակերպով է շարժվում՝ իր զինվորին պատժելու համար չտալ ուրիշներին։

Դավիթայայի խոսքով, քանի որ Հայաստանը և Ռուսաստանը դաշնակից երկրներ են, ապա Ռուսաստանը, եթե ցանկանար հարթել խնդիրը, հենց առաջին օրը զինվորին կհանձներ Հայաստանին, բայց, ցավոք, Հայաստանի իշխանությունները չեն ենթադրել, որ Ռուսաստանի նախագահը գործում է իր զինվորին ուրիշներին չտալու սկզբունքով, նրանց [ռուսական կողմին] չի հետաքրքրում օրենսդրությունը, նրանք ասում են՝ «մե՛նք պետք է դատենք»։

Պաատա Դավիթայան ասել է, որ Հայաստանի բնակչության մոտ հարց է առաջանում՝ «եթե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ապա ինչո՞ւ է այդպես վերաբերվում մեզ հետ»։

«Նրանց պետք է ասեմ, որ Ռուսաստանը Հայաստանին նայում է որպես վասալի և վերաբերվում է նրա հետ ինչպես ցանկանում է», - իր կողմից պատասխանել է Դավիթայան։

Հիշեցնենք, որ Վրաստանը Գյումրիի դեպքերին անդրադարձել է նաև պետական մակարդակով: Հունվարի 17-ին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին Գյումրիում տեղի ունեցած սպանությունը ցնցող և սահմռկեցուցիչ էր համարել, նաև փոխանցել էր Վրաստանի անկեղծ ցավակցությունը սպանվածների հարազատներին և մտերիմներին։

«Մենք համոզված ենք և ցանկանում ենք հավատալ, որ արդարությունը և արդարադատությունը կհաղթի, և մեղավորն արժանի պատիժ կստանա», - ասել էր Վրաստանի փոխարտգործնախարարը։

Երեկ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, մտերիմներին և հայ ժողովրդին ցավակցություն է հայտնել Հայաստանում Վրաստանի դեսպանությունը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG