Մատչելիության հղումներ

Ուրուգվայի գործող նախագահ Խոսե Մուխիկան պաշտոնը թողնելուց առաջ հրաժեշտի հանդիպում ունեցավ հայ համայնքի ղեկավարների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Ուրուգվայի զբոսաշրջության նախարար հայազգի Լիլիան Քեշիշյանը, Հայաստանի պատվո հյուպատոս Ռուբեն Աբրահամյանը, Հայոց թեմի առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոս Կելլենջյանը, հայկական բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մուխիկան, ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին, համաձայնեց իր բարձր հովանավորությունը տալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայում տեղի ունենալիք ձեռնարկներին: «Գիտեմ, որ թուրքերը կնեղանան, սակայն համոզված եմ, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, և եթե կարող եմ օգտակար լինել՝ սիրով», - ասաց նա:

«Ազատության» հարցին՝ արդյոք արդարություն վերջիվերջո լինելո՞ւ է Հայոց ցեղասպանության խնդրում, Մուխիկան արձագանքեց․ - «Երբեք չի հասնելու արդարությունը, քանի որ այն ցավն ու վնասը, որ պատճառել է Հայոց ցեղասպանությունը, անկարելի է փոխհատուցել: Կան պետական շահեր, որոնք խանգարում են այս հարցում: Նվազագույնը, որ պետք է անի թուրքական պետությունը, ինքնաքննադատությամբ քաջություն ունենալն է՝ ընդունելու կատարված բարբարոսությունները»:

2014-ի դեկտեմբերին անցկացված ընտրություններում, հիշեցնենք, Ուրուգվայի նախագահ է ընտրվել Տաբարե Վասկեսը, որը պետության ղեկավարի պաշտոնում Խոսե Մուխիկային կփոխարինի այս տարվա մարտի 1-ին:

Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG