Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի կին թեկնածուն «չի համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ»


Արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի մրցույթի վերաբերյալ՝ նշելով, որ մրցույթին մասնակցող կին թեկնածուի մասնագիտական որակները բարարար չեն համարվել Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից։

Հիշեցնենք, Եվրախորհրդի փորձագետների խումբը մերժել էր ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների ցուցակը՝ «անհնարին» համարելով Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունը։ Փորձագետները հիմնավորել էին, որ թեկնածուները պետք է «հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին»: Այն է՝ դատավորները «պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ»։

Նախարարությունը պարզաբանել է, խորհրդատվական խումբը կարծիք է հայտնել առ այն, որ թեկնածուներից երկուսը՝ Արայիկ Ղազարյանը և Արմեն Հարությունյանը, բավարարում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող պահանջներին։

«Անդրադառնալով Հանձնաժողովի կողմից սեռերի ներկայացվածության սկզբունքի կիրառման արդյունքում թեկնածուների ցուցակում ընդգրկված Նելիկ Հարությունյանին՝ Խորհրդատվական խումբը նշել է, որ վերջինիս մասնագիտական որակավորումներն և փորձը հաշվի առնելով՝ հիշյալ թեկնածուն Եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող համարվել բավարար ճանաչում ունեցող իրազեկ իրավագետ, ինչը պահանջվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորից»,- պարզաբանում է արդարադատության նախարարությունը՝ ընդգծելով, որ Խորհրդատվական խմբի կարծիքը թեկնածուների ընտրության ընթացակարգին վերաբերող որևէ դիտողություն չի պարունակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG