Մատչելիության հղումներ

Լիբանանի լեռնային գոտում գտնվող փախստականների որոշ ճամբարներ այսօր կտրված են արտաքին աշխարհի հետ ցամաքային կապից, չկա ջուր և էլեկտրականություն։

Մերձավոր Արևելքում անցած տասնամյակի ընթացքում այս տարվա ձմեռային ամենացուրտ եղանակն ու ուժեղ քամիները դժվարին կացության առջև են կանգնեցրել այս տարածաշրջանի երկրներում ապաստան գտած սիրիացի փախստականներին։

Սիրիայի քաղաքացիական պատերազմի արդյունքում միայն Լիբանան է տեղափոխվել ավելի քան մեկ միլիոն մարդ։ Սակայն պատերազմական վտանգը փոխարինվել է մահացու մեկ այլ սպառնալիքով։ Լիբանանում սիրիացի փախստականների ձյունածածկ վրաններում մարդիկ այս օրերին միայն մտածում են այս տարվա բքին դիմակայելու մասին։

Երկրի Բեքաայի շրջանում գտնվող փախստականների ճամբարում վերջին փոթորկին զոհ է գնացել առնվազն երեք մարդ։

Լիբանանի կառավարությունը երկրի ոչ կառավարական մի քանի կազմակերպությունների հետ միասին փորձում է օգնություն ցուցաբերել այս ճամբարներում գտնվող փախստականներին։ Այստեղ են ժամանել բժիշկներ։ Սակայն միայն Բեքաայի շրջանում ապաստան է գտել 400 հազար փախստական, և այս առումով դժվար չէ պատկերացնել նաև օգնություն առաքելու դժվարությունները։

Լիբանանի լեռնային գոտում գտնվող փախստականների որոշ ճամբարներ այսօր կտրված են արտաքին աշխարհի հետ ցամաքային կապից, չկա ջուր և էլեկտրականություն։ Մարդկանց մեծ մասը տառապում է շնչառական ուղիների բորբոքումից, վարակիչ տարբեր այլ հիվանդություններից։ Տարածում են գտնում խրոնիկական հիվանդությունները։

Սակայն բժշկական օգնությունը չի կարող լինել արդյունավետ, երբ մարդիկ տառապում են նաև թերսնուցումից։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն այստեղ համագործակցում է «Ընկերակցությունից վեր» անվանումը կրող տեղական կազմակերպության հետ, սակայն այս մարդկանց գլխավոր կարիքները հոգալու համար անհրաժեշտ է միջազգային ավելի ընդգրկուն համագործակցություն, ասում են կազմակերպության անդամները։ Նրանց խոսքերով, անցյալ տարի այս ճամբարներին էին հատկացվում ավելի մեծ գումարներ, քան այս տարի։Նույնիսկ ՄԱԿ-ի գործակալություններն են այս տարի կրճատել նախատեսված հատկացումների ծավալները։

Ու քանի դեռ Մերձավոր Արևելքում ցրտաշունչ ձմեռը շարունակվում է, այստեղի փախստականների համար գրեթե ոչինչ չի մնում, քան հույսով գոյատևելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG