Մատչելիության հղումներ

Դավութօղլուն կոչ է ուղղում հայությանը


Թուրքիայի վարչապետը հատուկ ուղերձ է հրապարակել Դինքի սպանության ութերորդ տարին լրանալու հաջորդ օրը:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայությանը կոչ է անում թուրքերի հետ համատեղ գտնել երկկողմ պատմական հակասությունները հաղթահարելու ուղիները` «մարդկային շփումներ հաստատելով և ճանաչելով միմյանց` 800-ամյա համատեղ պատմության լույսի ներքո»:

Թուրքական կառավարության ղեկավարն այս կոչը հնչեցրել է երեկ երեկոյան` «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի սպանության ութերորդ տարին լրանալուց ուղիղ մեկ օր անց հրապարակված հատուկ ուղերձում:

«Երկու հինավուրց ժողովուրդները բավականաչափ հասուն են, որպեսզի հասկանան միմյանց և համատեղ ուժերով նայեն ապագային: Միայն թուրքերն ու հայերը, ովքեր միևնույն աշխարհագրական պայմաններում են բնակվում և համակեցության երկարատև պատմություն ունեն, կարող են առկա խնդիրների մասին երկխոսության մեջ մտնել և դրանք հարթելու ուղիներ որոնել», - նշում է Դավութօղլուն՝ հավելելով․ - «Հասկանալով այս ամենը՝ մենք կոչ ենք անում մեր հայ բարեկամներին ավելի հաճախ այցելել Թուրքիա, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել առկա նախապաշարմունքները»:

«Բարեկամական հարաբերությունների վերահաստատումը, վերքերի ամոքումն ու տառապանքների ցավը կիսելը` ահա մեր անկեղծ ցանկությունը: Խաղաղություն ու բարեկամություն` սրանք են մեր տեսլականները», - պնդում է Թուրքիայի վարչապետը:

Իր ուղերձում Ահմեթ Դավութօղլուն նաև հայտարարում է, որ թուրքական իշխանությունները շարունակելու են բարձր գնահատել այն հայտնի հայազգի գործիչներին, ովքեր, իր բնորոշմամբ, «մեծ ջանքեր են գործադրել` նպատակ ունենալով պահպանել օսմանյան-թուրքական մշակույթի հայկական մշակութային նմուշները»:

Դավութօղլուի ուղերձի մի հատվածը, ի դեպ, նվիրված է Հրանտ Դինքին: «Ակոս»-ի հիմնադրին Թուրքիայի վարչապետն անվանում է «անատոլիացի մտավորական, ով երբեք չուրացավ ոչ իր հայկական արմատները և ոչ էլ իր հավատարմությունը Թուրքիային»:

«Դինքը հայերի և թուրքերի համատեղ ապագան կառուցելու ուղիներ էր որոնում, և ես խոստանում եմ կրել նրա վառած ջահը», - հայտարարում է Ահմեթ Դավութօղլուն:

Թուրքիայի վարչապետը նաև կոչ է անում ջանքեր գործադրել հայ - թուրքական հարաբերություններին նոր շունչ հաղորդելու համար:

«Մենք կոչ ենք անում բոլոր մարդկանց, ովքեր հավատում են հայ - թուրքական բարեկամության գաղափարին, նպաստել նոր մեկնարկի հնարավորությանը: Դիմելով բոլոր հայերին, ցանկանում են նշել` մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ 1915 թվականին, պատերազմական պայմաններում իրականացված բռնի տեղահանության քաղաքականությունը հանգեցրեց անմարդկային հետևանքների: Թուրքիան կիսում է հայերի կրած տառապանքների ցավը: Անցած տարվա ապրիլի 23-ի [Էրդողանի] ուղերձը այս խնդիրը հաղթահարելու Թուրքիայի ցանկության հստակ և միանշանակ դրսևորում էր», - նշում է Ահմեթ Դավութօղլուն` իր ուղերձն ամփոփելով հայ - թուրքական անկեղծ երկխոսություն ծավալելու կոչով:

«Պատմության ընթացքը սառեցրած այս մեծ ողբերգության հետևանքները հաղթահարելու միակ ուղին տաբուների վերացումն է: Թուրքիան իր կողմից արդեն իսկ հատել է այդ գիծը` անցյալում թողնելով կարծրատիպերի վրա հիմնված հռետորաբանությունն ու անհարկի ընդհանրացումները», - հայտարարում է Թուրքիայի վարչապետը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG