Մատչելիության հղումներ

Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ բոլոր հնարավոր ոլորտներում


Հունվարի 20-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստին։

ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորել են ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Հայաստանի պատվիրակության կազմում են եղել ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Թաթուլ Մարգարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը։

Նիստից հետո կայացած մամլո ասուլիսին Հայաստանի արտգործնախարարը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասել է․ - «Քննարկեցինք մեր հարաբերությունների ապագա իրավական հիմքի շրջանակները։ Ես վերահաստատեցի մեր հաստատակամությունը՝ խորացնելու համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով ՝ այն կառուցելով վերջին տարիների ձեռքբերումների հիման վրա՝ հաշվի առնելով մեր պարտավորությունները այլ միջազգային ինտեգրացիոն շրջանակներում»։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստան - ԵՄ համագործակցությունը՝ շարժունակության, միգրացիայի և մարդկային շփումների զարգացման ոլորտներում, ԵՄ-ի հետ համագործակցության համատեքստում Հայաստանի առաջնահերթությունների շարքում է։

«Մենք անդրադարձանք նաև տարածաշրջանային հարցերի։ Ես ներկայացրեցի ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ մեր համատեղ ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը», - նաև ասել Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG