Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպանատան ցավակցությունը հայերին խրատ տալու ենթատեքստ ուներ․ Արզումանյան


Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ևս, վիրավորական համարելով հայ ժողովրդին ուղղված այս ցավակցական խրատ-ուղերձը, նշում է, որ ռուսական կողմի դիվանագիտական բառամթերքը միշտ էլ չի հերիքել:

Գյումրեցի վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության տարածած հայտարարությունը ըստ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ հայերին հերթական անգամ խրատ տալու ենթատեքստ ունի: Դեսպանատան կայքում տեղադրված ուղերձի ցավակցական առաջին մի քանի տողերին հաջորդում է հետևյալ նախադասությունը․ - «Սակայն այս պայմաններում էլ անհրաժեշտ է մարդ մնալ։ Մեծ մասն ամեն ինչ հասկանում է։ Սուգը վիշտ և աղոթք է»:

Ալեքսանդր Արզումանյանը հատկապես վիրավորական է համարում դեսպանատան «մարդ մնալու» հորդորը:

«Ով է այստեղ անմարդկային որևէ դրսևորում արել, բացի այն ոճրագործից, որը գնդակահարել է խաղաղ քնած ընտանիքին, երեխաներին: Մենք հազարամյակների պատմություն ունենք սգալու, ողբալու, այնպես որ լավ քաջատեղյակ ենք, և երկրորդն էլ, այնտես նաև ասվում է, որ բոլորս պետք է դաս քաղենք այս իրավիճակից: Այս իրավիճակից դաս պետք է քաղի Ռուսաստանի ռազմաբազայի ղեկավարությունը, որը թույլ է տալիս, որ իր զինվորները հարբած վիճակում դուրս գան և կրակեն Գյումրիի փողոցներում, զենքով դուրս գան և գնդակահարեն հայ ընտանիքին: Այստեղ քաղելու դաս չունենք», - ասաց Արզումանյանը:

Նախկին արտգործնախարարն ասում է, որ պետք չէ կրակի վրա յուղ լցնել ու պնդում է, որ դեսպանատան տարածած հաղորդագրության ուղղությամբ հնչող ցանկացած քննադատության հիմնական հասցեատերն ու պատասխանատուն հենց դեսպանն է:

«Մեծ մասն ամեն ինչ հասկանում է»` անդրադառնալով դեսպանատան այս տողերին՝ Արզումանյանն ասում է, որ իրականում մեծ մասը հասկանում է այն, ինչ պիտի ռուսական կողմը վաղուց հասկանար:

«Բողոքողը դասվում է ոչ մարդկանց դասին, հավանաբար: Բոլորը ոչ թե մեծամասնությունը, բոլորը հասկանում են մի բան․ կատարվել է հանցագործություն և մեր ստրատեգիական պարտնյոր Ռուսաստանը պարտավոր է առաջնորդվել միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով: Հայաստանի իրավապահ մարմինների կողմից այս ոճրագործությունը հետաքննելը, դատական պրոցեսներ իրականացնելը, որից հետո՝ թե որտեղ կնստի այդ հանցագործը, դա ինձ ամենաքիչն է հետաքրքրում», - ընդգծեց Ալեքսանդր Արզումանյանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ևս, վիրավորական համարելով հայ ժողովրդին ուղղված այս ցավակցական խրատ-ուղերձը, նշում է, որ ռուսական կողմի դիվանագիտական բառամթերքը միշտ էլ չի հերիքել: Ասում է, որ ժամանակին Գորբաչովն էր գծել տրամաբանության թույլատրելի սահմանը, հիմա նաև հայերիս համար այդ սահմանն է գծել գործող Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Դեսպանատան տարածած ուղերձը Խառատյանը բացատրում է հետևյալ կերպ․ մեր բարեկամ Ռուսաստանը մեզ սովորեցնում է տրամաբանության շրջանակներում սգալ ու ոչ մի ավելորդ քայլ չանել:

«Կրծում եմ, որ սա արդեն ձևակերպված և ինչ-որ ձևով նաև սանկցիավորված նաև մոտեցում է․ փորձել հասարակությանը բարոյական դաս տալ: Ոչ դաստիարակված կերպով և մի քիչ գռեհիկ ռուսական մատ թափ տալու սովորական ժանրի մեջ», - ասաց ազգագրագետը:

Ուշագրավ է նաև հաղորդագրության այն կետը, որտեղ փաստորեն առաջին անգամ պաշտոնական Մոսկվան առաջ է քաշում վարկած, որ հանցագործը միայնակ չի գործել: Հաղորդագրությունում մասնավորապես նշված է․

«Կարող ենք վստահեցնել, որ հանցագործը և նրանք, ովքեր կարող էին կանգնած լինել նրա հետևում, կկրեն արժանի պատիժը»:

Ազգագրագետը կարծում է, որ այս հայտարարությամբ փորձ է արվելու հանցագործության շարժառիթի նոր վարկած առաջ քաշել:

«Հասկացել են, որ նախորդը շատ պարզունակ էր: Ենթադրում եմ, որ սա կարող է պարունակել նաև այլ ենթատեքստ, այն է, որ առաջիկայում մեզ մատուցվելիք տարբերակը կունենա հետևում փոխկապակցված երևույթներ՝ անձեր, կատարողներ: Ենթադրում եմ, որ անընդհատ փնտրտուքի մեջ է այն վարկածը և այդ վարկածը ներկայացնելու ձևը, որը հավանաբար պետք է ընտրվի», - ասաց Հրանուշ Խառատյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG