Մատչելիության հղումներ

«Նավակ ճոճողի» կասկածները ոստիկանապետի վերաբերյալ ավելի են խորացել


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ «Սիվիլնեթին» երեկ տված հարցազրույցը ավելի է խորացրել մի քանի օր առաջ ծեծի ենթարկված ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի կասկածները, թե հենց նա է կանգնած իր դեմ բռնության հետևում:

«Մի բան էլ ավել՝ վստահ եմ, որ հենց ինքն է պատվիրատուն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ակտիվիստը, ով հայտնի է Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Նավակ ճոճող» կեղծանունով:

Երեկ հերքելով իր առնչությունը կատարվածին՝ Գասպարյանը խոսել էր իր ունեցած մեծ հնարավորությունների մասին։

«Ես էնքա՜ն հնարավորություններ ունեմ, եթե իմ մեջ չարը լինի, օգտագործեմ․․․ ես նմա՞ն եմ պրիմիտիվ մարդու, եթե այդպես լինի՝ ես այնքան բաներ եմ տեսնում այդտեղ, ի՞նչ է, ամեն օր պետք է մահակն առնես ու ընկնես հետևի՞ց: Տխմարություն ու տգիտություն է, այլանդակություն է ուղղակի», - ասել էր նա: - «Պատկերացնո՞ւմ եք, եթե ոստիկանապետը ինչ-որ մեկի հետ հանկարծ հաշվեհարդար ուզենա․․․ դուք դա պատկերացնո՞ւմ եք, ինչ է: Նա դա ոստիկանապետը չէ արդեն, որովհետև ուժեղ մարդը չի ընկնում էդ ձև բաների հետևից, իսկ եթե փոքրիկ մարդը ուզումա դրանով հեղինակություն բարձրացնի, թող իր արդարությամբ Աստված իրեն դատի», - հավելել էր Գասպարյանը:

Սա առաջին նմանատիպ հայտարարությունը չէ, ավելի վաղ՝ հակադարձելով ազատազրկված Շանթ Հարությունյանի մեղադրանքներին, թե ոստիկանապետն իրեն ծեծի է ենթարկել, Գասպարյանն ասել էր՝ եթե ինքը իրեն թույլ տար նման բան անել՝ Շանթից բան կմնա՞ր։

Վիլեն Գաբրիելյանի խոսքով, ոստիկանապետը, ըստ էության, ակնարկում է օրենքից դուրս հնարավորությունների մասին։ Սա է մեր երկրի դժբախտությունը, ասում է ակտիվիստը, - «Հենց օրենքով տրված հնարավորությունների մասին ինքը պետք է խոսի, բայց խնդիրը հենց դրա մեջ է, որ ինքը օրենքից դուրս հնարավորություններ ունի: Սա փոքր երկիր է, այստեղ բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, գիտեն ինքը ով, ինչ հնարավորություններ ունի, ինչերի է ընդունակ չարի ու բարու շրջանակներում»:

Վերհիշելով կատարվածը՝ Վիլեն Գաբրիելյանն ասում է, որ 3 կամ 4 դիմակավորված անձինք փորձել են իրեն առևանգել, բայց հանդիպելով դիմադրության՝ բավարարվել են միայն ծեծելով։ Ակտիվիստը համոզված է, որ իրեն ծեծել են քաղաքական հայացքների համար, բայց ինքը պայքարը չի դադարեցնելու, ավելի խիստ է քննադատելու ոստիկանությանը։

«Լադա» մակնիշի «ՎԱԶ-21010» մեքենա եկել է, արգելափակել է կտրուկ: Միջից դիմակավորված, սև համազգեստով մարդիկ են իջել: Սկզբից բռունցքներով են հարվածել, փորձել են նստեցնել մեքենան: Ինչպես կարողացել՝ ընդդիմացել եմ, չի ստացվել մոտները: Վերջում, երբ ուժասպառ էի լինում, այս ճաղերից եմ բռնվել, արդեն այդ ժամանակ սկսել են մահակներով ծեծել: Հետո այն կողմից մարդիկ սկսեցին գալ ձայների վրա, որովհետև անընդհատ բղավում էի: Այդ պահին արդեն իրենք փախուստի դիմեցին», - պատմում է ակտիվիստը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ոստիկանապետի երեկվա ասածները համարում է հոխորտանք և սպառնալիք՝ նշելով, որ ուժային կառույցների ականջները ցավոք երևում են տարբեր դեպքերի ժամանակ։ Որևէ մեկը Գասպարյանից չէր սպասում, որ ասեր՝ ես չեմ արել, մարդիկ սպասում են ոստիկանության համարժեք արձագանքին ու նախորդ դեպքերի բացահայտմանը, ասում է իրավապաշտպանը․ - «Հարցը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը կամ բարձրաստիճան կամայական պաշտոնյան, պետք է լինի այնպիսի նկարագրի տեր մարդ, որ նրա նկատմամբ նման հարց չծագի ընդհանրապես: Եվ եթե Վիլենը, ենթադրենք, մեղադրեր, բոլորը կողքից ասին՝ ի՞նչ ես ասում, ինչպե՞ս է դա հնարավոր»:

Որպեսզի ոստիկանությունը ապացուցի իր անմեղությունն իր գործում, պետք է բացահայտի մեղավորներին՝ ասում է Վիլեն Գաբրիելյանն, ով, սակայն, հույսեր չունի։

«Գարշանք են առաջացնում այս բազմաթիվ բռնությունները, որոնք եղել են ու չեն բացահայտվել՝ կապված քաղաքապետարանի նստացույցի դեպքերի հետ, կապված ազատամարտիկների հետ: Գարշանք է առաջացնում Արամ Մանուկյանի դեպքը, երբ բացահայտվում է, բայց կալանավորված չէ այդ հարձակում իրականացնող անձը», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG