Մատչելիության հղումներ

Լրացավ Եվրամայդանի մեկ տարին


Ուկրաինա - Մոմավառություն ի հիշատակ Մայդանում զոհված Սերգեյ Նիգոյանի, 22-ը հունվարի, 2014թ․
Ուկրաինա - Մոմավառություն ի հիշատակ Մայդանում զոհված Սերգեյ Նիգոյանի, 22-ը հունվարի, 2014թ․

Մայդանի ակտիվիստների ֆեյսբուքյան գրառումներից կազմված գրքում տեղ են գտել նաև Սերգեյ Նիգոյանի մասին գրառումները:

Լրացավ Եվրամայդանի մեկ տարին:

Արձագանքելով Գերագույն ռադայում հունվարի կեսին ընդունված օրենքներին, որոնցով զգալիորեն սահմանափակվում էին խոսքի ազատությունը, զանգվածային միջոցառումների, հանրահավաքների անցկացման հնարավորությունները, նաև՝ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը Ուկրաինայում, եվրաասոցացման կողմնակիցները դուրս եկան խաղաղ ցույցերի:

Անվտանգության ուժերը այդ հավաքները անարձագանք չթողեցին. «Բերկուտ»-ի ներկայացուցիչների հետ բախումներ սկսեցին: Հունվարի 22-ին հայտնի դարձավ առաջին զոհի մասին՝ սպանվեց Դնեպրոպետրովսկից Մայդան հասած հայազգի Սերգեյ Նիգոյանը՝ գլխին և կրծքավանդակին ստացած վնասվածքներից:

Այս և հաջորդած իրադարձություններն են նկարագրվում «Ֆանտոմ ցավեր#Մայդան» գրքում, որը կազմվել է բացառապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում Եվրամայդանի ակտիվիստների հարյուրավոր գրառումներից:

Գրքում ներառվել է նաև Նիգոյանի սպանության լուրին տեղեկացած կիևցի նկարիչ Բորիս Եղիազարյանի գրառումը. - «Ես Հայաստանից նամակներ և հեռախոսազանգեր եմ ստանում: Ասում են՝ Բորիս,սպասում ենք, ի՞նչ կասես Կիևից: Իսկ ի՞նչ ասեմ, կպատմեմ Սերգեյից: Ամիսուկես առաջ ինձ ասացին, որ Մայդանում գիշերում է գեղեցկադեմ մի տղամարդ՝ հայկական դրոշով: Ծանոթացանք, ողջագուրվեցինք, դրանից հետո նա դարձավ իմ կրտսեր եղբայրիկը: Ես նրան սիրեցի սեփական տղայիս նման: Գլուխ էր գովում, թե նայիր, ինչպես եմ ուկրաինական քառյակներ արտասանում, հատկապես գեղեցիկ և մաքուր էր արտասանում Շևչենկո: Ամենակարևորը, որով կիսվեց ինձ հետ՝ բաճկոնի ներքին գրպանից հանեց ծալած թուղթը: «Հայր մեր»-ն էր՝ հայերեն՝ շատ գեղեցիկ տառերով գրված: Ասաց, որ որոշել է թափանցիկ շրջանակի մեջ առնել և կախել այն հենակետում, որտեղ հերթապահում էր: Կարծում եմ՝ այդ աղոթքն այդպես էլ մնաց նրա գրպանում՝ սրտի մոտ. դժվար թե շրջանակով զբաղվելու ժամանակ գտած լիներ»:

«Ինձ զանգահարում, հարցնում են՝ արդյո՞ք Սերգեյը որևէ ծայրահեղական խմբավորման անդամ էր», - շարունակել է Եղիազարյանը: - «Չնայած ես վերջին շաբաթներին նրա հետ չէի շփվում, բայց գիտեի, որ նմանատիպ որևէ կազմակերպության անդամ չէր: Նա Ուկրաինայի երդվյալ հայրենասեր էր, նա Մայդանի պաշտպանն էր»:

Բորիս Եղիազարյանը նաև կանխատեսել էր՝ իշխանություններն ավելի ակտիվ կշարունակեն ժողովրդի հետ պատերազմը: «Բայց դա վերջը չէ, դա միայն սկիզբն է: Նորից եմ ասում՝ մեր նպատակը կյանքեր փայփայելն է, կյանքեր պահպանելը: Կփորձենք պաշտպանել Կյանքն օր ու գիշեր, բոլորս միասին: Դուրս եկեք: Կանգնեք մայդաններում և փողոցներում՝ պաշտպանելու Ձեր երեխաներին, նրանց կյանքն ու ապագան», - անցած տարվա հունվարյան դեպքերն այսպես է մեկնաբանել հայազգի նկարիչը:

700-էջանոց գրքի հինգ մասերում գնահատականներն անընդհատ փոխվում են՝ բողոքի ցույցերը ճնշելու իշխանության որոշումներով պայմանավորված:

Գիրքը կազմել է Անաստասիա Սավիցկայան: Նա որոշել է չխմբագրել սոցիալական կայքում արված գրառումները, այդ իսկ պատճառով այն երկլեզու է ստացվել՝ ռուսերեն և ուկրաիներեն: Գիրքը նվիրել է «Ուկրաինայի մարդկանց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG