Մատչելիության հղումներ

Փոստանջյան. «Մենք Ռուսաստանից պահանջում ենք ոչ թե հանձնում, այլ փոխանցում՝ նրանք առևանգել են Պերմյակովին»


Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ
Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

Պատգամավորի խոսքով, Ռուսաստանը Հայաստանին զրկել է ՀՀ քաղաքացիների առջև իր իրավազորությունները կատարելու պարտականությունից։

Այսօր Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումները՝ նվիրված Գյումրիի ողբերգական դեպքերին առնչվող իրավական գործընթացներին, հետաձգվել են։

Երեկ ուշ երեկոյան Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հայտնեց, որ հանձնաժողովը, քննարկելով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքը, գտել է, որ պետք է հետաձգել հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները Գյումրիի ողբերգությունից հետո այդպես էլ պաշտոնապես սուգ չհայտարարեցին։

Լսումների ընթացքում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պետք է պատասխաներ օրենսդիրների հարցերին։

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով, իրենք, ինչպես և ամբողջ ժողովուրդը, սգում են, սակայն հրատապ է նաև առկա հարցերի պատասխանները ստանալը։

«Մենք բոլորս ենք ցավում, բոլորս պետք է մասնակցենք սգո արարողությանը, բայց դրա հետ մեկտեղ՝ մենք հասկանում ենք, որ հանցագործությանը պատշաճ գնահատական չի տրվում, հետևաբար՝ քննարկումների և պետական ատյանների կողմից որոշումների կայացումը բացարձակ անհրաժեշտություն է։ Առաջին հերթին մենք իրավազորությունը մեր պետք է տարածենք և պահանջ ներկայացնենք թե՛ պարոն Պուտինին, թե՛ նաև Ռուսաստանի գլխավոր դատախազին, որպեսզի անմիջապես վերացնեն խախտումները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Պատգամավորը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կնքած երկու պայմանագիր է խախտել, պահանջն էլ, հետևաբար, այդ խախտումները վերացնելն ու Գյումրիի սպանդի համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելն է։

Հարցին, թե առաջին հերթին գլխավոր դատախազը ո՞ր հրատապ հարցին պետք է պատասխաներ, Փոստանջյանը արձագանքեց. - «Ի վերջո, պետք է իրեն հարցնեինք և պարզեինք՝ արդյո՞ք նա այսօր պատրաստվում է պաշտոնական պահանջ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, մասնավորապես՝ գլխավոր դատախազին, խախտված մեր իրավունքների վերաբերյալ, այսինքն՝ այդ մեղադրյալի փոխանցումը տեղի ունենալո՞ւ է, թե՞՝ ոչ»։

«Այստեղ այն պահանջը չէ, որ այդ մեղադրյալը գտնվում է իրենց իրավազորության ներքո և մենք պահանջում ենք, որպեսզի նրան հանձնեն մեզ, մենք դա՛ չենք պահանջում՝ մենք պահանջում ենք փոխանցում, իրե՛նց խնդիրն է մեզանից պահանջել հանձնումը, մինչդեռ նրանք առևանգել են, փաստորեն, այդ մեղադրյալին և այս պահին նրա նկատմամբ անցկացնում են քննություն և մեզ զրկել են մեր սուվերենությունից և իրավազորությունից՝ կատարել մեր պարտականությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG