Մատչելիության հղումներ

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից անցած շաբաթ անցկացված դիտարկումները ցույց են տվել, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին օրերի համեմատ տարեսկզբին որոշ սննդամթերքներ էժանացել են:

«90 անվանում ապրանքների գծով որոշակի գների անկում կա», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը՝ չմանրամասնելով, սակայն, արդյոք դա կապված է առևտրի ծավալների նվազման հետ:

Չնայած գնանկման մասին պաշտոնյայի հավաստիացումներին՝ մի քանի մթերային խանութներում«Ազատության» հետ զրույցներում ամեն օր հաց, շաքարավազ, կաթնամթերք գնող երևանցիներն ասացին՝ էական փոփոխություն չեն տեսնում:

Մի մսավաճառ, օրինակ, մեզ տեղեկացրեց, որ արդեն այս տարի նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ մսեղենը միջինը 200 դրամով թանկացել է․ իջել է խոզի բդի գինը՝ պարզապես պահանջարկի պակասով պայմանավորված: Որոշ խանութներում հացը 20-30 դրամով թանկացել էր, որոշ խանութներում էլ պահպանվել են մինչև դեկտեմբերյան վերջին թանկացումները գործող գները:

Խոսելով գնաճի պատճառների մասին՝ Ազգային վիճակագրական ծառայության մասնագետը նախ խոսեց գյուղմթերքների սեզոնայնությունից, ինչն ամեն տարի որպես պաշտոնական փաստարկ բերվում է, հետո միայն հիշատակեց դրամի կտրուկ արժեզրկումը: Գուրգեն Մարտիրոսյանը նշում է, որ դոլար-դրամ փոխարժեքի կտրուկ տատանումները տեղի են ունեցել դեկտեմբերի 15-18-ին, իսկ վիճակագրության ծառայության մասնագետներն ուսումնասիրություններ արել են միայն դեկտեմբերի 19-ից հետո:

«2014 թվականի դեկտեմբերի-նոյեմբերի համար դիտարկված 470 անվանում ապրանք-ծառայություններից 331-ը ունեցել են գնաճի միտում», - նշեց նա:

Պաշտոնական տվյալներով անգամ դրամի չկանխատեսված արժեզրկման պարագայում 2014թ-ին ընդհանուր գնաճը կազմել է 4.6 տոկոս, մոտավորապես այնքան, որքան ծրագրավորված էր բյուջեով:

XS
SM
MD
LG