Մատչելիության հղումներ

Պարզ չէ՝ Հայաստանի իրավապահները հարցաքննել են Պերմյակովին, թե ոչ


Տռուզյանի փոխանցմամբ, որպեսզի «հայաստանյան քննիչները կարողանան լիարժեք իրականացնել նախաքննությունը», անհրաժեշտ է Ռուսաստանի իրավապահների թույլտվությունը։

Մինչ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը տարբեր վայրերում շարունակ խոստանում է, որ Հայաստանի իրավապահ մարմինները «ակտիվ գործունեություն» կիրականացնեն Գյումրիի սպանդի առնչությամբ, իսկ Քննչական կոմիտեն զեկուցում է, որ կարողացել է Պերմյակովի զինակիցներից մեզի փորձանմուշներ վերցնել, առայսօր պարզ չէ՝ հայաստանյան իրավապահ մարմինները հարցաքննե՞լ են հիմնական կասկածյալին՝ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին:

Հայաստանյան կողմից գործը քննում է Աղվան Հովսեփյանի գլխավորած Քննչական կոմիտեն, և կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն այսօր «Ազատության» հետ զրույցում այդպես էլ չասաց՝ հայաստանյան քննիչները հարցաքննե՞լ են Պերմյակովին, թե՞՝ ո՛չ:

Փոխարենը, Տռուզյանի խոսքից պարզ դարձավ՝ որպեսզի հայաստանյան քննիչները կարողանան, ինչպես նա ասաց, «լիարժեք իրականացնել նախաքննությունը», անհրաժեշտ է Ռուսաստանի իրավապահների թույլտվությունը, քանի որ քրեական գործը գտնվում է նրանց իրավասության ներքո:

«Դրանք արդեն կանոնակարգվում են միջազգային պայմանագրերով նախատեսված իրավական օգնության համատեքստում, ուստի և վարույթն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն է դիմել՝ միջազգային քննչական հանձնարարություն Ռուսաստան ուղարկելու, որպեսզի հայ քննիչները հնարավորություն ունենան լիարժեք իրականացնել նախաքննությունը», - ասաց Տռուզյանը։

Նա հավելեց՝ Քննչական կոմիտեն դեռ հունվարի 15-ին էր գրություն ուղարկել Հայաստանի գլխավոր դատախազություն: Այնտեղից հաջորդ օրը պատասխանել էին, որ «միջազգային քննչական հանձնարարություն են ուղարկել Ռուսաստան», բայց թե Մոսկվայից ի՞նչ են պատասխանել, և թույլատրե՞լ են արդյոք, որ հայաստանցի քննիչները հարցաքննեն Պերմյակովին, կամ, Սոնա Տռուզյանի խոսքով, «լիարժեք իրականացնեն նախաքննությունը», առայսօր պարզ չէ:

Օրվա ընթացքում այս հարցի պատասխանը չհաջողվեց ստանալ նաև Հայաստանի դատախազությունից։ ԶԼՄ-ների հետ համագործակցության հարցերով Կոստանյանի խորհրդական Քրիստինե Մելքոնյանն այդպես էլ չպատասխանեց «Ազատության» հեռախոսազանգերին, պատասխան չստացանք նաև գրավոր հարցմանը:

Մինչդեռ հունվարի 15-ին Գյումրիում Հայաստանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ այդ օրը հենց հայաստանցի իրավապահները քննչական ու դատավարական գործողություններ են իրականացնելու Պերմյակովի հետ:

«Դուք այսօր նաև ականատես կլինեք, նկատի ունենալով, որ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի մասնակցությունը, ուղղակի ներգրավվածությունը, այսօրվա ընթացքում համապատասխան քննչական և դատավարական գործողություններ են իրականացվելու ՀՀ օրենսդրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում. իրականացվելու են և՛ քննչական, և՛ դատավարական գործողություններ տվյալ անձի նկատմամբ», - ասաց Կոստանյանը։

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով, այն որ Հայաստանի իրավապահ մարմինները Պերմյակովին հայտնաբերելուց հետո անմիջապես նրա հետ չեն իրականացրել անհրաժեշտ քննչական, դատավարական գործողություններ՝ այդ թվում դատահոգեբուժական փորձաքննություն, կարող է բացասաբար ազդել քննության որակի վրա:

«Մեղադրյալը, որին արդեն մեղադրանք է առաջադրվել, պետք է տարվեր դեպքի վայր, և էդ անձը պետք է դեպքի վայրում ցույց տար, թե ինչպես է կատարել յուրաքանչյուր գործողություն, ինչպես է մուտք գործել բնակարան, սպանությունն ինչպես է կատարել, այնուհետև ցույց տար, թե ինչպես է հայտնվել սահմանում։ Ցանկացած իրավաբան, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, կհաստատի իմ ասածը, որ քննչական գործողությունները, որոնք անհետաձգելի են, պետք է պարտադիր կատարվեն։ Դրանց չկատարումը, բնական է, կբերի բացասական հետևանքների», - ասաց Բաղդասարյանը։

Ի՞նչ եղավ «տղամարդավարի» խոստումը

Սակայն սա էլ ամբողջը չէ․ հունվարի 15-ին Գևորգ Կոստանյանը զայրացած գյումրեցիներին հրապարակավ խոստացավ դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազին, որպեսզի Պերմյակովին փոխանցեն Հայաստանի իրավապահ մարմիններին:

«Ես հիմա, որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ, որ ես 100 տոկոսով, միանշանակ, դիմելու եմ այս պահանջով Ռուսաստանի գլխավոր դատախազին», - հայտարարեց Կոստանյանը։

Անցել է չորս օր, սակայն, Կոստանյանի տղամարդավարի խոստման ճակատագիրն այսօր հնարավոր չեղավ պարզել:

Տեղեկացնենք նաև՝ սպանությունից մեկ շաբաթ անց՝ մինչ այսօր Քննչական կոմիտեն չի հստակեցրել, թե ովքե՞ր են տուժողների իրավահաջորդները, քանի որ, Տռուզյանի ներկայացմամբ, Ավետիսյանների հարազատները «սգո արարողություններով էին զբաղված»:

Նյութը, սակայն, ավարտենք Գևորգ Կոստանյանի մեկ այլ խոսքով, որը, կարծում ենք, այսօր էլ չի կորցրել իր կարևորությունը. - «Մենք բացարձակ չենք խոսում որևէ մեկին որևէ մի իրավազորություն հանձնելու, զիջելու մասին ընդհանրապես, և դա ընդամենը թյուր կարծիք է ձևավորվել»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG