Մատչելիության հղումներ

logo-print

«Ոչ թե 8, այլ 100 տարի». Լրացավ Դինքի սպանության 8-րդ տարելիցը


«Ոչ թե 8, այլ 100 տարի». սա «Ակոսի» խմբագրական է Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած տարիների մասին։

Թուրքահայ լրագրողի սպանությունից 8 տարի անց ընկերները նշում են՝ 2007-ից 2015-ն ընկած 8 տարիների անցան արդարության սպասումով ու պահանջով: Ավելին, այս նույն սպասումով ու պահանջով է անցել նաև 1915-ին հաջորդող հարյուրամյակը: «Սրանք չոր թվեր չեն, այս թվերի հետևում կյանք ու մահ կա, հուսահատություն ու դիմակայություն, գաղափար, պայքար, ցավ ու նաև հույս կա»,- գրում է «Ակոսը»։

8 տարի առաջ էր, երբ Ստամբուլում՝ «Ակոսի» խմբագրատան առջև թուրք ազգայնական երիտասարդը գնդակահարեց Հրանտ Դինքին։

Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ երեկ Թուրքիայում Ժողովուրդների դեմոկրատական քրդամետ կուսակցությունը քայլերթ է կազմակերպել։ «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ երթի մասնակիցները ստորագրահավաք են սկսել «Էրգենեկոնի» փողոցը Հրանտ Դինքի անունով կոչելու համար: Նրանք նաև փողոցում «Հրանտ Դինքի փողոց» գրությունն են փակցրել:

Ըստ թուրքական լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերի՝ երթի մասնակիցները տարբեր պաստառներ են պարզել «Առերեսվե՛ք Հրանտի հետ, Ցեղասպանությանը», «Քուրդ, թուրք, հայ. կեցցե ազգերի եղբայրությունը», «Մեր եղբայրն ես, Հրա՛նտ», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» կարգախոսներով։

Թուրքական «Թըդեյզ Զամանը» հաղորդում է, որ Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ նրա գերեզմանին են այցելել հարազատներն ու նրան գնահատողները: Հիշատակի միջոցառմանը մասնակցել է նաև Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն։ Նա իր խոսքում հիշեցրել է, որ հայազգի լրագրողը սպանվել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին, և որ սպանության իրական կազմակերպիչներն առ այսօր չեն բացահայտվել։

Հրանտ Դինքին նվիրված հիշատակի արարողություններ են նախատեսվում նաև Անկարայում, Բուրսայում, Իզմիրում, ինչպես նաև Փարիզում, Լիոնում, Վիեննայում, Բրյուսելում, Տորոնտոյում։ Երևանում լուռ քայլերթով են ոգեկոչելու Դինքի հիշատակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG