Մատչելիության հղումներ

Ոսկեվանում հուղարկավորեցին զոհված զինծառայող Արման Հարությունյանին


ՊՆ մամուլի քարտուղարի խոսքով, Տավուշի մարզի տարբեր հատվածներում և Լեռնային Ղարաբաղում վիճակը շարունակում է լարված մնալ։

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում այսօր հողին հանձնեցին հունվարի 17-ին հակառակորդի գնդակից զոհված պայմանագրային զինծառայող, 21-ամյա Արման Հարությունյանին։

Համագյուղացի Գառնիկ Սարգսյանը «Ազատության»-ը պատմեց, որ Արմանն արդեն հինգ ամիս էր պայմանագրային ծառայության անցել, որպեսզի հոգար բազմանդամ ընտանիքի հոգսերը։

«Մեր թաղում էին ապրում իրենք։ Երեք աղբայր էին, երկու քույր։ Ինքն էր աշխատողը տան։ Ծառայության ժամանակ դիտակետին է մոտիկացել, պատուհաններ ունեն պաշտպանիչ, բացել է, երևի, էդ ժամանակ դիպուկահարը խփել է կոկորդին։ Հենց զինվորի խփելու օրը մեծ եղբայրը երեխա ունեցավ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Գառնիկ Սարգսյանը Ոսկեվանում հունվարի 11-ին զոհված մեկ այլ բնակիչ՝ 80-ամյա Սերյոժա Սարգսյանի եղբոր որդին է։ Նրա փոխանցմամբ, հիմա գյուղում վիճակը լարված է, շաբաթական երեքից չորս անգամ կրակոցներ են հնչում թե՛ իրենց, և թե՛ հարևան գյուղերի ուղղությամբ։

«Երեկ չէ առաջին օրը վիճակը շատ էր լարված։ Մարդկանց հանեցին, թաղեր դատարկեցին՝ ասենք, որը դիրքից անմիջապես երևում է, դատարկեցին։ Օրինակ, մեր էս կողքի գյուղը՝ Կոթին երկու օր առաջ ավելի խոշոր տրամաչափի զենքերով կրակեցին։ Վտանգավոր է, նրանց ասենք դպրոցն էլ, մանկապարտեզն էլ հենց անմիջապես իրանց կրակակետին դեմ դիմաց է։ Առաջը փակող տարածք չկա, երևի մեկ կիլոմետր էլ չկա», - ասաց ոսկեվանցին։

Կոթիի դպրոցն ու մանկապարտեզը ժամանակավորապես չեն գործում։ Գյուղապետ Ֆելիքս Մելիքսեթյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ պատճառը ոչ թե կրակոցներն, այլ ջեռուցման համակարգն է, և խնդիրը շուտով կլուծվի։

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հակառակորդն այս օրերին կրակում է ոչ միայն Տավուշի մարզի գյուղերի, այլև Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ։

«Անցած գիշեր մոտ 200 անգամ կրակել են։ Անցած օրերի ընթացքում կիրառել են նաև ականանետեր՝ 60 և 82 միլիմետրանոց, ինչը, ըստ էության, լարվածության աճի մի նոր մակարդակ է՝ այսինքն հրետանիի զենքեր են կիրառվում, և էս ամեն ինչը անպատասխան չի կարող մնալ. հայկական կողմը երբեք անպատասխան չի թողնի հակառակորդի այս ոտնձգությունները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Անցած երեք շաբաթների ընթացքում սա մահվան ելքով արդեն երկրորդ դեպքն է Ոսկեվան գյուղում. հունվարի 11-ին դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվեց գյուղի 80-ամյա բնակիչ Սերյոժա Սարգսյանը։

Վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, վերջին դեպքերը խոսում են ադրբեջանական կողմի հեռահար նպատակների մասին։ Սաֆարյանի խոսքով, սա պահի ոտնձգություն չէ։

«Եթե թշնամին ցերեկով՝ ժամը 4, 5-ի մոտակայքում, գալիս է այդ տարածք, որտեղ նախկինում նա լավագույն դեպքում կարող էր գիշերը հետախուզության գալ, իսկ այժմ նա կարող է ցերեկվա ժամը 4, 5-ին հայտնվել, ես կարծում եմ՝ սա բոլորին պիտի մտածելու տեղիք տա։ Մենք կարող ենք ենթադրել, որ ադրբեջանական զինված ուժերը փորձում են իրենց վերահսկողությունը տարածել ավելի հեռու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը։

Նրա կարծիքով, միայն ռազմական եղանակով և հակառակորդի գործողություններին համարժեք պատասխանելով, իրավիճակը հնարավոր չի լինի վերահսկել։ Ըստ վերլուծաբանի, սահմանագծի լարվածության այս ֆոնին տարօրինակ է Ռուսաստանի և Թուրքիայի լռությունը, որոնք, անգամ, անհանգստություն չեն ցուցաբերում։

«Նույնիսկ էս Գյումրիի սահմռկեցուցիչ իրադարձությունը էլ ավելի ցցուն դարձրեց, թե ինչով պետք է զբաղվի ռուսական ռազմաբազան, երբ Հայաստանի վրա, ոչ ավել քան 100 կիլոմետր այն կողմ Գյումրիից ուղիղ գծով հարձակում է տեղի ունենում, և Ռուսական ռազմաբազան, որը պայմանագրային պարտավորություններով, վերջի փոփոխությունների համաձայն, նաև պատասխանատու է Հայաստանի մյուս բոլոր սահմանների համար, միանգամայն այլ սկանդալի կիզակետում է հայտնվել», - ասաց վերլուծաբանը։

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Արման Հարությունյանը հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:

XS
SM
MD
LG