Մատչելիության հղումներ

Շիրակի մարզպետը միանում է գյումրեցիների պահանջին


Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, վերլուծելով վերջին մի քանի օրերին Գյումրիում տեղի ունեցածը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, դրանից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաներն, ասաց, որ ինչպես գյումրեցիների, այնպես էլ իր մոտ շատ հարցեր ու հարցականներ են մնացել:

Մարզպետն ասաց՝ կողմ է գյումրեցիների առաջ քաշած պահանջին։ Գյումրեցի ցուցարաները, հիշեցնենք, պահանջում էին Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին։

«Պահանջին միանում եմ, որովհետև մենք պահանջում ենք արդար դատավարություն, պահանջում ենք, որ մենք դատավարությունն անենք, բայց ամեն ինչ հարկավոր է անել խելամտորեն, սառը դատողությամբ և պահանջներով։ Պահանջները կարելի է ձևակերպել, ցույց արեցին, բայց որևէ գրավոր պահանջ մինչև հիմա ձևակերպված չէ։ Ես դա ցույց ղեկավարներին ասացի, ասացի՝ եթե դուք կանգնեք փողոցում, գոռաք, հետո՞ ... պետք չէ այդպես անել, հարկավոր է ձևակերպել մտքերը, ներկայացնել ու ինչպես հարկն է։ Սա ավելի ճիշտ ձև է, մարդկանց պարզ, տրամաբանված պետք է բացատրել, որ մենք ուզում ենք սա։ Թե չէ ամեն մեկը, եթե հավաքվում է ամբոխը, իր ցանկությունն է սկսում առաջ քաշել, չեղավ սա, սա չէ բանավեճի ձևը, թեման պետք է լինի ավելի պարզ, հասկանալի, կոնկրետ»,- ասաց Ցոլակյանը։

«Ես կողմ եմ, որ կոնկրետություն մտցվի։ Պահանջները դրեցինք, պահանջներից որոշը բավարարվեց, ուրիշ պահանջ է առաջանում, չի կարելի, էսպես երկխոսություն չի լինում, երկխոսությունը պետք է ավելի կարգավորված լինի։ Այդ երկխոսությունը, ես կարծում եմ, պիտի ունենա իր կազմակերպիչները»,- ընդգծեց Շիրակի մարզպետը։

Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ տեղի ունեցածի մեջ մեղավոր են բոլորը.- «Մեղավոր ենք բոլորս, առանձին մարդիկ մեղավոր չեն։ Ամեն մեկը իր չափով, իր արածով»։

Գյումրիում լարվածություն դեռ պահպանվում է։ Մարզպետն ասաց, որ իր հույսը մարդկանց խելամտության, հանգստության, հանդարտության վրա է, ու խնդրեց գյումրեցիներին չտրվել էմոցիաներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG