Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Ռուսաստանին սպառնում է ֆինանսական «միջուկային» զենքով


Ռուսական ռուբլին անկայուն վիճակում է, արխիվ, Կրասնոյարսկ, 14 հունվարի, 2015թ.

Ռուսական ռուբլին անկայուն վիճակում է, արխիվ, Կրասնոյարսկ, 14 հունվարի, 2015թ.

«Ատոմային ռումբի նման զենքը կարևոր է ոչ թե այն բանի համար, որ կարող է կիրառվել, այլ որովհետև դրանով հնարավոր է սպառնալ»,- այսպիսի հայտարարությւն է արել Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին ուկրաինական «Էսպրեսո-TV» հեռուստակայանի հետ զրույցում։

Փոխխոսնակը միջուկային ռումբին համազոր զենք է համարում Ռուսաստանի Դաշնության ազգային տարադրամը` ռուբլին, չփոխարկվող դարձնելու տարբերակը։ Եվրոպական խորհրդարանը նախազգուշացրել է, որ տնտեսական պատժամիջոցների հաջորդ փուլում Արևմուտքը կարող է ռուբլին զրկել կոնվերտացիայից և այն հայտարարել չփոխարկվող։

Մինչ այդ արդեն հնչել է միջազգային բանկային փոխանցումների համակարգից` SWIFT-ից Ռուսաստանն անջատելու առաջարկը, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Ռուսաստանի տնտեսության համար։ Մոսկվան շատ նյարդային է արձագանքել, ասելով, թե դա հավասարազոր կլինի պատերազմ հայտարարելուն։

Չարնեցկու կարծիքով, Ռուսաստանում պետք է գիտակցեն, որ Ուկրաինայում ագրեսիան շարունակելու դեպքում Եվրոպան և Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են դիմել նաև այդօրինակ խիստ ցավագին պատժամիջոցների։

Բացի այդ, Եվրախորհրդարանի փոխխոսնակն ասել է, որ եվրոպացի օրենսդիրների շրջանում նկատվում է փոփոխություն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցում։ Արդեն չի բացառվում ուկրաինացիներին զենք տրամադրելու գաղափարը։

«Խոսքը ոչ մարտական զենքի մասին է, և այնուամենայնիվ, դա այլևս հրապարակավ է քննարկվում»,- ասել է Չարնեցկին։

Ռուսաստանում տնտեսական կացությունն, իհարկե, լարված է։ Անցած ուրբաթ օրը Ռուսաստանի Կենտրոնական բանկը հաղորդել է, որ 2014 թվականին կապիտալի արտահոսքը կազմել է 151 միլիարդ դոլար, դա ամենաբարձր ցուցանիշն է անցած քսան տարում։

Համեմատության համար նշենք, որ 2013-ին արտահոսքը նույնպես հսկայական էր, բայց երկու և կես անգամ քիչ` 61 միլիարդ դոլար։

2014-ի ցուցանիշին մոտ է միայն 2008-ի արտահոսքի ծավալը` 133.6 միլիարդ, բայց այն ժամանակ չեն եղել միջազգային պատժամիջոցներ։

Լրատվամիջոցները նշում են, որ Ռիշարդ Չարնեցկին հակառուսաստանյան խիստ պատժամիջոցների կողմնակից է։ Նա դեռ անցյալ տարվա օգոստոսի վերջին է առաջարկել է սահմանափակել ռուբլու կոնվերտացիան։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո։ Ապա ընդունվել են նոր` ավելի ծանր պաժամիջոցներ, քանի որ, ըստ Արևմուտքի, Ռուսաստանը սատարում է Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների ռուս անջատականներին։ Մոսկվան այդ մեղադրանքը հերքում է։

XS
SM
MD
LG