Մատչելիության հղումներ

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին այցելել են ռուսաստանցի առաջատար մասնագետներ


Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, 13-ը հունվարի, 2015թ․
Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, 13-ը հունվարի, 2015թ․

Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի առաջարկով Հայաստան են ժամանել ռուսաստանցի առաջատար մասնագետներ, որոնք Երևանում անմիջապես այցելել են հունվարի 12-ին Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի միակ կենդանի մնացած անդամին՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին։

Ռուսաստանից ժամանած Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Վալերի Ամչիսլավսկին, Ռուսաստանի մանկական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Վալենտին Պալմը և նույն հիվանդանոցի մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ Ելենա Իլյինան, հայաստանցի առաջատար մասնագետները, ինչպես նաև երեխային երկու օր առաջ վիրահատած պրոֆեսորը` անվանի նյարդավիրաբույժ, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մասնակցել են շուրջ երկու ժամ տևողությամբ հերթական կոնցիլիումին, որը անցկացվել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ։

Բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը ներկայացրել է փոքրիկի բուժման ընթացքը, կատարված հետազոտությունների, բժշկական միջամտությունների հաջորդականությունը:

Հայաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ երեխային զննելուց հետո, խորհրդակցության ընթացքում ռուս մասնագետները գոհունակությամբ փաստել են, որ կատարվել են երեխայի բուժման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

«Բարձր ենք գնահատում թե՛ սարքավորումները, թե՛ բժշկական օգնության որակը», - ասել է Վալենտին Պալմը:

Վալերի Ամչիսլավսկին նշել է, որ այս փուլում կարևոր է երեխայի առողջական վիճակի կայունացումը, ինչպես նաև հետագա բարդացումների չեզոքացումը, որը կհանգեցնի ուղեղի գործառույթի վերականգնմանը: «Մենք պետք է հասկանանք, որ այս պահին պետք է ձգտենք ոչ թե մեծ, կարդինալ փոփոխությունների, այլ աստիճանական դրական զարգացումների», - նկատել է մասնագետը` հավելելով, որ կարևոր է նաև երեխայի կենսական նշանակության գործառույթների կայունացումը:

Ռուս և հայ մասնագետների մասնակցությամբ այսօր կհրավիրվի ևս մեկ կոնսիլիում` երեխայի բուժման հետագա ընթացքը և անհրաժեշտ միջոցառումները քննարկելու նպատակով:

Փոքրիկի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։

Ռուսաստանի առողջապահության նախարարը երեկ էր զանգահարել հայաստանցի պաշտոնակցին, խորը ցավակցություն ու մտահոգությունը հայտնել Գյումրիում կատարվածի կապակցությամբ։ Նախարարները քննարկել էին փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի վիճակը և բուժման ռազմավարությունը։ Վերոնիկա Սկվորցովան առաջարկել էր մասնագիտական, ինչպես նաև դեղերով և պարագաներով ապահովման աջակցություն։

Այս օրերին փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակին մշտապես հետևում է նաև Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը` հաճախակի զանգահարելով Արմեն Մուրադյանին։ Ինչպես նա, այնպես էլ իր կողմից առաջարկված մասնագետները հեռակապի միջոցով ակտիվորեն մասնակցում են կազմակերպվող միջազգային կոնսիլիումներին։

Գյումրիի ողբերգական դեպքերի ժամանակ ծանր վիրավորված վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը արդեն երկու անգամ վիրահատվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG