Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանում հարգեցին Գյումրիում սպանված ընտանիքի հիշատակը


Ակցիայի մասնակիցները ասացին, որ իրենք էլ են պահանջում, որպեսզի Պերմյակովը կանգնի Հայաստանի դատարանի առաջ:

Ժամեր առաջ Թբիլիսիի կենտրոնում գտնվող Հայաստանի դեսպանատան առջև շուրջ հարյուր քաղաքացիներ իրենց աջակցությունը հայտնեցին գյումրեցիներին: Վրաստանի մայրաքաղաքում Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին հետևողների թիվը բավականին մեծ է: Միջոցառման կազմակերպիչ Գեորգի Չինչալաձեի խոսքով գյումրեցիների պահանջը արդար է և այն պետք է կատարվի:

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որ մեր եղբայր ժողովուրդ հայերին ցույց տանք, որ մենք իրենց կողքին ենք: Ինչպես բոլոր նորմալ մարդիկ, վրացիները ևս պաշտպանում են Հայաստանի դիրքորոշումը», - ասաց Չինչալաձեն:

Նա շեշտեց, որ հավաքվածների մեծ մասը վրացի են, ինչը նշանակում է, որ իրենց երկրում մտահոգված են սպանության փաստով: Միջոցառման ընթացքում ի հիշատակ Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի նաև մոմավառություն անցկացվեց:

Դեսպանատան մուտքի մոտ նաև ծաղիկներ դրվեցին: Ակցիայի մասնակիցները «Ազատության» հետ զրույցում ասացին, որ իրենք էլ են պահանջում, որպեսզի Ռուսաստանը սպանության մեջ մեղադրվող զինծառայողին փոխանցի Հայաստանի իրավապահներին և Պերմյակովը կանգնի Հայաստանի դատարանի առաջ:

Մոմավառությանը ներկա էին նաև վրացական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հայաստանի և Վրաստանի դրոշներ պարզած քաղաքացիները նաև պաստառների ունեին, որոնցից մեկի վրա գրված էր. - «Հայաստանի կառավարությանը․ մաքրեք ձեր երկիրը մարդասպանների բանակից»:

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ակցիայի մասնակիցներին հանդիպելու համար ոչ ոք դուրս չեկավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG